ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել, որն անվանել է մինչ օրս ամենախոշորը: Նոր սահմանափակումները թիրախավորում են ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև 50 նավ, որոնք առնչություն ունեն Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի որդու՝ Մոհամմադ Հոսեյն Շամխանիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
«Այսօր կիրառված ավելի քան 115 պատժամիջոցներն ամենախոշորն են Թրամփի վարչակազմի կողմից Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության որդեգրումից ի վեր», – հայտարարության մեջ մեջբերվում են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքերը:
ԱՄՆ-ն մեղադրում է Շամխանիի որդուն լցանավերի և կոնտեյներային նավերի հսկայական նավատորմ կառուցելու և շահագործելու համար, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, Իրանից և Ռուսաստանից նավթ, նավթամթերք և այլ ապրանքներ են տեղափոխում աշխարհի տարբեր երկրների գնորդներին՝ ստանալով տասնյակ միլիարդավոր դոլարի եկամուտ:
Պատժամիջոցների մասին հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: Ըստ գերատեսչության՝ Իրանը «շարունակում է Մերձավոր Արևելքում հակամարտությունների հրահրումը», հետևաբար, պատժամիջոցները թիրախավորում են եկամուտները, որոնք, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվում են ապակայունացնող գործողությունների համար: