COP 17 համաժողովին ընդառաջ ԲԸՏՄ օրակարգում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների հարցը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ նվիրված ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում առանց համապատասխան թույլտվության պահվող վայրի կենդանիներին վերաբերող խնդիրների լուծմանն ու աշխատանքների պլանավորմանը։

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Հանդիպումը կազմակերպվել էր «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորված կոմիտեի նիստին արձանագրված հարցերը քննարկելու նպատակով։
Քննարկմանը բարձրաձայնվել են վայրի կենդանիների առանց թույլտվության պահման իրավական խնդիրները, վերահսկողական մեխանիզմների կատարելագործումը, համապատասխան օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունը՝ ներառյալ կենդանիների իրավական կարգավիճակի հստակեցումը, թույլտվությունների տրամադրման և վերահսկման գործընթացները, պատասխանատվության սահմանումը։

Մասնակիցները կարևորել են ոլորտում ներգրավված պետական, մասնավոր և գիտակրթական հաստատությունների միջև գործնական համագործակցության ընդլայնումը՝ ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեղ մշակման գործում, որը կապահովի կենդանիների բարեկեցությունը, կենսաբազմազանության պահպանումը և միջազգային ստանդարտների պահպանումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել