«Փորձում եմ իմ գործունեությամբ ևս նպաստել գեղագիտական դաստիարակությանը»․ նկարիչ Լոռենց

Նկարիչ Արմեն Լոռենց Հարությունյանի կարծիքով՝ մարդուն մարդ դարձրեց արվեստը, գեղարվեստական գործունեությունը։ Ասում է՝ մարդը պետք է ստեղծագորական մտածողություն ունենա, դա էլ բերեց քաղաքակրթության զարգացմանը․ «Առանց արվեստի մարդը գոյություն չունի։ Արվեստը ընդգրկում է մեր կյանքի բոլոր բնագավառները՝ սկսած արդյունաբերությունից։ Արվեստը մտել է ընդհուպ մեր ուտելիքի մեջ։ Երբ ռեստորանում ճաշ ենք պատվիրում, առաջին հերթին նայում ենք տեսքին, հետո բովանդակությանը»։

Նրա դիտարկումներն ընդգծում են այն գաղափարը, որ արվեստը պարզապես գեղեցկության կամ զվարճանքի միջոց չէ, այլ մարդ լինելու էական բաղադրիչ։ Լոռենցը հավատում է, որ ստեղծագործական միտքը հատուկ է ոչ թե ընտրյալներին, այլ բոլորի գործիքն է՝ մարդու էության և քաղաքակրթության շարժիչ ուժը։

Իր մտորումներով է կիսվում․ ոչ մի հոգեբան լիարժեք չի բացահայտել ստեղծագործական գործընթացի հոգեբանությունը, որովհետև դա խիստ անհատական է։

«Ես միշտ ասել եմ, որ արվեստագետը պետք է բազմակողմանի զարգացած լինի, նա պետք է ճանաչի ինքն իրեն, և ասեմ Ձեզ, նկարելով արտաքին աշխարհը, դու ավելի ես ճանաչում քեզ։ Սա անձի հոգեբանությունն է»,-նման տեսակետ հայտնեց արվեստագետը։

«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի քսաներկուերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, անձին հնարավորություն կտա նայել արվեստին ոչ միայն որպես արտաքին աշխարհի արտացոլում, այլև որպես ներաշխարհի բացահայտման խորունկ ճանապարհ՝ օգնելով նրան ճանաչել իրեն և վերագտնել ստեղծագործելու ներքին մղումը։

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

«Ես դպրոց եմ գնացել, որտեղ տնտեսվարն է կերպարվեստ դասավանդել․ գեղագիտական դաստիարակությունը դպրոցներում բարվոք վիճակում չէ»,-ասում է մեր հերոսն ու պնդում՝ դպրոցներում այդ հարցը պետք է վերջնականորեն լուծվի, որովհետև ոչ բոլորն են ունակ իրենց երեխաներին գումարով արվեստի ստուդիաներ տանելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել