Արվեստագետ ծնվում են, ուսման ընթացքում հղկվում, կատարելագործվում են, բայց այդ տաղանդը բնատուր պետք է լինի, նման կարծիք է հայտնում նկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանը։ Նա կարծես ասում է՝ մարդկանց մասնագիտությունն էլ պետք է բխի ներքին կոչումից, այլ ոչ միայն կրթությունից։

Նշում է՝ բժիշկն էլ, մանկավարժն էլ ծնվում են իրենց մասնագիտությանը բնորոշ հատկանիշներով, չէ՞ որ ամեն մանկավարժ չէ, որ սովորելուց հետո այդ ուղին է բռնում․ «Այնքան շատ եմ Աստծուց շնորհակալ, որ ես կարողանում եմ նկարել, որովհետև մեկ-մեկ մտածում ես, որ կարող է խելագարվես, բայց դա այն կղզին է, որտեղ քո փրկությունն ես գտնում»։
Նման խոսքերը վկայությունն են, որ արվեստը մեր հերոսուհու համար պարզապես աշխատանք չէ, այլ մշտական ներքին հոգեբանական հավասարակշռության միջոց, ինքնաբացահայտման ու գոյության իմաստի աղբյուր։
Մանոն Արմինե Ավետիսյանը «տրամադրության նկարչուհի» է։ Ասում է՝ իր տրամադրությունը անմիջականորեն փոխանցվում է կտավին․ «Շատ անգամներ է եղել՝ բարձրացել եմ արվեստանոց, ինչ-որ բան արդեն մտքիս եղել է, որ պետք է գնամ, դա նկարեմ, բայց բարձրանալուց տեսել եմ թավալ եկող կատուներ, կամ թե ինչպես է մայրն իր ձագուկին սիրում, լուսնի լույսն եմ տեսել, ու ամբողջությամբ այլ նկար է ստացվել։

«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասնվեցերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, հերոսուհուն բացահայտում է ոչ միայն որպես նկարիչ, այլ որպես ներքին աշխարհով ու զգայունությամբ ապրող արվեստագետ, ում յուրաքանչյուր գործ ծնվում է տվյալ պահի տրամադրությունից, միջավայրի ազդակներից ու ակնթարթային ներշնչումից։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
Նկարչուհին հիշում է, որ տարիներ առաջ շատ էր սիրում, երբ նկարելիս դասական երաժտություն էր լսում, հիմա՝ ընդհակառակը, նախընտրում է լռություն, չի ցանկանում, որ կողքից ձայներ հնչեն․ «Երբ նկարում եմ, զգում եմ, որ այդ երաժշտությունը իմ ներսում է, վերջում արդեն զգում եմ, որ այդ աշխատանքը համահունչ է երաժշտությանը»։

Մանոնն այլևս չի կարիք զգում լսել երաժշտություն, որովհետև ստեղծագործելիս նրա ներսում է հնչում այն անլսելի մեղեդին, որը վրձնի շարժման հետ վերածվում է գույնի, ձևի և հնչյունի՝ լուռ, բայց լիարժեք սիմֆոնիա՝ կտավի վրա։
Նա ստեղծում է լռության մեջ, որովհետև հենց այդ լռության խորքում է ծնվում իրական երաժշտությունը՝ ոչ այն, ինչը լսվում է ականջով, այլ այն, ինչը հնչում է հոգում ու թելադրում ամեն գիծ ու ստվեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: