«Քանդակներիս մեծ մասը «Ռեքվիեմ» վերնագիրն են կրում, ցավ են կրում»․ Քանդակագործ Յուրի Պետրոսյանը ուսանողական տարիներին հաճախ է լսել Շիրազին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քանդակագործ Յուրի Պետրոսյանը պատմում է, որ ուսանողական տարիներին հաճախ տուն չէին գնում, գրեթե ամեն օր մտնում էին Շիրազի տուն․ «Նա արտասանում էր Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծությունը․․ մեր քարավանը՝ շփոթ, թալանված, ջարդված ու հատված-հատված»։

Շարունակում է արտասանել ու խոստովանում, որ նաև դրա շնորհիվ է հայրենասիրությամբ օժտվել։ Մեծ վարպետ Հովհաննես Շիրազը իր ներդրումն է ունեցել․ «Քանդակներիս մեծ մասը «Ռեքվիեմ» վերնագիրն են կրում, ցավ են կրում․ այդ գիծը մտել է իմ մեջ, ես շարունակում եմ այդ գործերով ապրել և ստեղծել։ Կարծում եմ՝ մեր ժողովրդին քաջ հայտնի է մեր երկրում տեղադրված երկու հուշարձաններ՝ Արամ Խաչատրյանը, Հովհաննես Այվազովսկին»։

Այս հուշարձանները կերտած մեր հերոսը հիշում է իր վաղամեռիկ ընկեր Սենիկ Գևորգյանին, ում ֆինանսավորմամբ էլ հենց դրանք ստեղծվել են․ «Մեր պետությունը գումար չի տվել, ամբողջը ինքն է արել»։

Քանդակագործը, իսկապես, խորը հոգևոր կապ ունի իր հայրենիքի, մշակույթի և ժողովրդի ցավի ու հիշողության հետ։ Յուրի Պետրոսյանի խոսքերը վկայում են ոչ միայն մեծ արվեստի նկատմամբ ունեցած հարգանքի, այլև հոգևոր ժառանգության շարունակման մասին։

Նա՝ որպես ստեղծագործող, պատահական չէ, որ իր գործերին «Ռեքվիեմ» վերնագիրն է տալիս։

Դա վկայում է այն մասին, որ իր քանդակները պարզապես պատկեր չեն, դրանք ազգային ցավի, պատմության ու հիշողության քանդակված արտահայտություններ են։ Այդ ցավի ու ոգու փոխանցումը՝ քարով, բրոնզով կամ այլ նյութով, պահանջում է խոր ներաշխարհ, էմպատիա։

Ինչպե՞ս են հոգու կանչով նման գործեր ստեղծվում, խորը ակունքներից հայրենասիրությունն է շարունակում ձայնել ու իր պատկերն է թողում քանդակագործի աշխատանքներում։ «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասնհինգերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, թույլ է տալիս ընկալել՝ ինչպես է նման արվեստը ապրում մարդու ներսում, ու թե ինչպես է իր արտահայտումը գտնում նրա հետագա ամբողջ կյանքի ընթացքում։

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

Արվեստագետը անկեղծանում է ու ասում, որ յուրաքանչյուր մանրաքանդակ կարելի է մեծացնել ու դարձնել քաղաքային քանդակագործության լավ նմուշ։ Դրանք մեծ չափեր չունեն, բայց մարդկանց մեջ զարգացնում են էսթետիկական ճաշակը, կարող են տեղադրվել այգիներում։

Այս խոսքը վկայում է իր խոր զգացողության ու պատասխանատվության մասին՝ ոչ միայն ստեղծել, այլև կերտել հանրային տարածքի ոգին։

Մանրամասները՝ տեսանյութում։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել