Մաթևոս Սարգսյանը ոչ միայն ստեղծում է արվեստ, այլև խոսում է դրա արժեքի, արմատների ու հասարակության դերի մասին՝ խորությամբ ու ցավով։ Այդպիսի մարդիկ արվեստի մեջ բերում են ոչ միայն գեղարվեստական արդյունք, այլև իրական մարդկային պատմություններ։
«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի քսանմեկերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, հնարավորություն կտա ներթափանցել ստեղծագործ մարդու ներաշխարհ՝ բացահայտելով այն հոգևոր, ընտանեկան և մշակութային ազդակները, որոնք ձևավորում են արվեստագետի անհատականությունը։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

Արվեստագետը նշում է՝ արարման գործընթացը հենց մարդու ապրած կյանքն է, իր կարծիքով՝ այսօրվա ցանկացած արված բան գալիս է մարդու մանկությունից․ «Եթե դու մանկության տարիներին խաղացել ես, գետն ես անցել, սարերում ես, այսօր դա դարձել է մի բան, որը դու ցանկանում ես հավերժացնել, իսկ հավերժությունը դա պատկերելն է այն, ինչ դու զգացել ես քո ապրած կյանքի ընթացքում։ Ներկայացնում ես զգացմունքը, տալիս ես կտավին, այնպես ես անում, որ դա յուրաքանչյուրն է զգում»։

Նա համարում է, որ ստեղծագործությունը կտրված չէ կյանքից․ այն սնում է հենց մարդու ապրած փորձառությունը՝ մանկությունից սկսած։ Սա տեսակետ է, որը ցույց է տալիս, որ արվեստագետի համար ամեն տեսարան, հուշ կամ զգացում նյութ է ստեղծագործության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: