Կայծ Վանիկյանը դեռ մանկուց է սկսել նկարել, բայց մշտապես լուրջ է վերաբերվել այդ գործին։ Ասում է՝ հիշում է նույնիսկ, թե ինչ էր նկարում 3 տարեկանում․ «Ու հետաքրքիր է, որ թեմաներ կան, որոնք մինչ այսօր անընդհատ գալիս են․ կանայք՝ ծաղիկներով, կամ ծաղիկներ՝ գլխին, այդպիսի հետաքրքիր բաներ կային։

Ես նկարչության մեջ ինձ զգում եմ բանվոր․ եթե շատերի համար հաճելի գործ է, ինձ համար նաև մի քիչ տաժանակիր է։ Առավոտյան գալիս եմ, մինչև գիշերը 12։00-ն պետք է մնամ»։
Արվեստագետի խոսքերում երևում է աշխատանքի հանդեպ խորը նվիրում, ինքնազոհություն և միաժամանակ ներքին պայքար։ Նա չի նկարում միայն հաճույքի համար, ինչպես շատերը կարող են պատկերացնել արվեստագետի մասին, այլ անում է դա որպես պարտք, որպես ծանր, բայց անխուսափելի պարտականություն։ Սա ավելի շատ հիշեցնում է վարպետի հոգեվիճակ։
Դա վկայում է զգացմունքայնության ու պատասխանատվության մասին։ Նման նկարչին կարելի է համեմատել շինարարի հետ, որ հիմքից կառուցում է մի աշխարհ՝ փայտից, ներկից, լռությունից ու լույսից։

Վստահ է՝ սա ինքնարտահայտման ձև է, փնտրտուքներ են, նաև ինքնամաքրման գործընթացի մասին է նշում։ Հետաքրքիր այս աշխարհ թափանցելու հնարավորություն է տալիս «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասներկուերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

«Ընդհանրապես արվեստագետը միջնորդ է արվեստի և հասարակության միջև, ոնց է, չէ՞ հեռախոսի թելը, նա հենց այդ թելն է։ Այսինքն ինքը ինչ-որ ինֆորմացիա հասցնում է դիտորդին, հասարակությանը։ Արվեստն ունի խնդիրներ, շատ դեպքերում արվեստի խնդիրները դեռ մինչև վերջ պարզ չեն․ կախված են ժամանակից, դարաշրջանից․ նայած՝ որ դարաշրջանում ինչ խնդիրներ է լուծում արվեստը»,-ասում է Կայծ Վանիկյանը։
Արվեստագետը չի դիտում արվեստը միայն որպես ինքնարտահայտման միջոց, այլ գիտակցում է դրա սոցիալական, հաղորդակցական և նույնիսկ քաղաքակրթական դերը։ Նա չի խուսափում պատասխանատվությունից՝ հասկանալով, որ արվեստագետը ոչ միայն ստեղծող է, այլ նաև միջնորդ, ինչպես ինքը նշում է՝ հեռախոսի թել, որը հաղորդում է մի իրականություն մյուսին։
Նման մոտեցումը վկայում է, որ նա ապրում է ոչ միայն արվեստով, այլ նաև ժամանակով՝ իր դարաշրջանի ցավերով, փոփոխություններով ու մարդկանց անհանգստություններով։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: