Շահեն Օրդուբեկյանը դեռ մանկուց է սիրել նկարչություն, դպրոցական ընկերներն էլ նկատել են իրենց ընկերոջ տաղանդն ու խորհուրդ տվել նկարչական դպրոց ընդունվել․ «Նկարչությունը ինձ համար մի աշխարհ է, որտեղ ես ինձ ազատ եմ զգում, որովհետև էդ աշխարհի և՛ տերը, և՛ ծառան, բանվորը, ամեն ինչը ես եմ։ Այդ աշխարհում կարողանում եմ պայքարել իմ դեմ, ինձ համար․․․երբեմն պարտվում եմ, երբեմն հաղթում եմ, որովհետև ստեղծում եմ այն, ինչը երբեք չէի ստեղծել։ Հիմա նորն եմ ստեղծում, դրա համար շատ ջանք ու եռանդ է պետք»։
Արվեստագետը նկարչությունը տեսնում է ոչ միայն որպես արտահայտման միջոց, այլև՝ որպես ինքնաճանաչման ճանապարհ։ Նա հասկանում է, որ արվեստը պայքար է՝ երբեմն դժվար, երբեմն հաղթական, բայց միշտ իմաստալից։ Այդ գիտակցումն է, որ ձևավորում է ոչ թե պարզապես լավ նկարչի, այլ՝ անկեղծ ստեղծագործողի։
«Նկարներ կան, որոնք խոհափիլիսոփայական են, դրանք պետք է նայես, հասկանաս։ Նկարչության ձևեր կան, որոնք զգացմունքներ են միայն, ես դրա կողմնակիցն եմ, ինձ համար հոգեհարազատ է զգացմունք առաջացնողը՝ կլինի վրձնահարված, թե գիծ կամ գույն»,-պատմում է նկարիչը։
Նշում է՝ ամեն նոր նկարի հետ կրկին սովորում է, ու ամեն նկարից առաջ իրեն անփորձ է զգում, ներկը քսելուց ու ինչ-որ երանգ ստանալուց հետո նոր միայն նկարի հետ կապված պատկերացում է կազմում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի քսաներորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, կբացի դռներ դեպի Շահեն Օրդուբեկյանի ստեղծագործական աշխարհը, որտեղ յուրաքանչյուր գիծ ու գույն ոչ թե գաղափարի բացատրություն, այլ զգացմունք է՝ անմիջական, անկեղծ և երբեմն նույնիսկ անբացատրելի։ Դիտողը կհասկանա, թե ինչպես է արվեստը դառնում ինքնաճանաչման ուղի, և ինչու է յուրաքանչյուր նոր կտավ նրա համար նոր փորձություն ու նոր սկիզբ։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
«Արվեստագետը միշտ պետք է կապված լինի իր հիմքի, արմատների հետ։ Մերը կոնկրետ հայկականն է, և մեր արյան մեջ է հայկական գենը, մեր արվեստը գալիս է միջնադարից։ Արմատներ ունեցող արվեստը հողի մեջ է մտած և պինդ է։ Հայաստանաբնակ նկարիչների համար կարևոր է, որ մեր մշակույթը պահպանենք, ինչքան էլ նորը ստեղծենք, հիմքում լինի մեր ազգայինը»։