Նկարիչ Ժորա Բարսեղյանը կարծում է՝ մարդու հնարավորությունները երևում են դեռ այն ժամանակ, երբ նա սկսում է առաջին քայլերն անել։
Եթե նա հաշվարկված է կատարում իր քայլերը, ձեռքերի շարժումներն ու ժեստերը, դրանք արդեն մշակութային երևույթներ են։

«Երեխա կա, որ մի բանը 10 անգամ ասես, չի հասկանա, բայց երեխա կա՝ մի բառ ասում ես, քիչ հետո ինքը ճիշտ պատասխան է տալիս քեզ։ Իմ կարծիքով՝ մշակութային արժեքը հենց գենետիկապես է ձևավորվում երեխայի մեջ, բայց միջավայրը փոխում է մեկին՝ մի, մյուսին՝ այլ կերպ»։
Մեր արվեստագետը շատ գեղեցիկ ձևով է նշում, որ մարդու մարմնի լեզուն ու շարժումները կարող են ձևավորել մշակութային շերտեր դեռևս կյանքի սկզբում։ Սա հիշեցնում է այն գաղափարը, որ նույնիսկ մեր ամենապարզ արտահայտությունները կարող են կրել սիմվոլիկ, մշակութային կշիռ։
«Եթե որևէ մեկը զարթնեցներ ինձ գիշերը և ասեր՝ դու ուրիշ ազգի ես պատկանում, հնարավորինս կջնջեի նրան, ինձ էլ հետը, չէի ընդունի ես էդպիսի բան։ Ոչ թե որ էգոիստ կամ եսասեր եմ, այլ առանց ազգայինի անելիք չունես, շնչելիք չունես, ոչինչ չունես»։
Պատմում է՝ բոլոր դեպքերում ազգային և հոգևոր սերը դրվում է վերջում, կարող ես մի քանի վրձնահարված անել, բայց ներսում դնել սեր և զգացմունքներ, ու այդպիսով ավարտել այդ նկարը։
«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասնիններորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից ներկայացնում է արվեստի և ինքնության բացառիկ միաձուլումը։ Սա ոչ միայն պատմություն է նկարչի մասին, այլ ներթափանցում մի մտածող մարդու ներաշխարհ, ում համար արվեստն ու ազգությունը անբաժան են։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
«Խոսքի մեջ էլ է մաքրություն պետք, ազատությունը դեռ մաքրություն չէ, ազատությունը՝ մարդիկ ասում են մի բան ու մի կողմ են քաշվում, կործանվում են, ազգ են կործանում, պատմության մեջ մի բառ սխալ գրեցիր, կործանում ես պատմությունը։
Ամեն ինչի մեջ մաքրություն ու արարմունքին արժանի շարժումներ են պետք»։

Մեր հերոսի համար իսկական ազատությունն այն է, երբ խոսքը կառուցողական է, մաքուր է և ծառայում է արարմանը, այլ ոչ թե քանդմանը։
Խոսելով հայրենիքի գաղափարից՝ նկարիչը ընդգծում է դրա կարևորությունն ու պնդում՝ հայրենիքից դուրս մարդու օդը չի հերքում։ Պատմում է՝ իրեն բախտ է վիճակվել Նժդեհ նկարել կարճ ժամանակում։ Ավո անունով հեղինակի «Նժդեհ» գիրքը մեկ գիշերով կարողացել է ձեռք բերել, ընկերներով տպել են գրքից 2 օրինակ․ «Գիրքը կարդալով որոշեցինք, որ Նժդեհին պետք է բերենք, բերեցինք, տեղ չտվեցին։ Վազգեն Առաջինին դիմեցինք, տեղ չտվեց Գայանե եկեղեցու բակում։ Ես ու Սոս Սարգսյանն էինք գնացել, լավ էր, որ մեզ չվառեցին․․․ Շատ քաշքշուկներ տեղի ունեցան, բայց Նժդեհը հանգրվանեց իր հայրենի հողում, իր ցանկությունն էր դա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: