Սոս Վարդազարյանի կյանքում նկարչությունը պատահաբար է մուտք գործել․ դպրոցում սովորելու տարիներին, եթե նկարիչը չի սխալվում՝ Խաչատուր Աբովյանի հարյուրամյակի օրն էր, ու այդ առթիվ նկար պետք է մեծացվեր։ Երբ ուսուցիչը հարցրել է՝ ո՞վ կկարողանա դա անել, Սոս Վարդազարյանն է հանձն առել այդ գործն ու ավարտելուց հետո ուսուցչից լսել՝ «Տղա՛ ջան, կարգին նկարիչ ես»։
«Ես էլ հավատացի ու սկսեցի նկարել»,-կատակում է արվեստագետն ու ասում՝ միգուցե այդ սերն իր ներսում դեռ մանկուց է եղել։
«Ծառայությունից հետո սովորեցի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում ու ավարտեցի 1973 թվին։ Ավարտելուց հետո թատրոնում նկարիչ աշխատեցի, 1974 թվին ընդունվեցի գեղարվեստաթատերական ինստիտուտ՝ գեղանկարչության բաժինը»,-նշում է նա։
Ամենակարևորը՝ շատ սեր պետք է լինի նկարչության հանդեպ, եթե չսիրեցիր քո մասնագիտությունը, ոչ մի բան չի ստացվի, նման կարծիք է հայտնում մեր հերոսն ու շեշտում՝ իր՝ գեղեցիկը վերարտադրելու, նկարելու կարողությունը գալիս է ծննդավայրից՝ Հերհեր գյուղից՝ իր պատմական հուշարձաններով, ձորերով, գետով, անտառով, թփով․ «Գեղեցիկը միշտ զգացել եմ։ Բնությունից շատ բան եմ վերցնում․ երբեք չեմ վերարտադրում բնությունը, այլ սինթեզում եմ։ Պիտի կարողանաս գտնել քո եսը, քո ինքնատիպությունը»։
Նրա արվեստը հիմնված է ոչ միայն տեխնիկայի, այլև զգացողության ու հիշողության վրա։ Վարդազարյանի մոտ բնությունը դառնում է նյութ, բայց ոչ կրկնօրինակման համար, այլ՝ վերամշակման։
Արվեստագետի խոսքերը խոնարհ են, բայց ներսում զգացվում է մեծ համոզվածություն ու կյանքի ընթացքում վաստակած իմաստություն։
«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասնվեցերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, ծանոթացնում է Սոս Վարդազարյան նկարչի ստեղծագործական աշխարհին։ Նրա պատմությունը հզոր հիշեցում է այն մասին, որ արարման առեղծվածը հաճախ ծագում է շատ պարզ, հողին մոտ պահերից, բայց հասնում է բարձր արվեստի։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
Արվեստագետը մտորում է՝ հետաքրքիր բան է կյանքը, որ ծնում է լուռ արվեստ, դու պետք է կարողանաս վերցնել կյանքից այն, ինչ որ քեզ պետք է․ «Արվեստագետը ուրիշ աչքերով է տեսնում կյանքը։ Ես կարողանում եմ ընկալել, տեսնել այն գեղեցիկը, որ պետք է տամ, մատուցեմ մարդկանց, մարդիկ էլ տեսնեն, ուրախանան, ասեն՝ մենք չէինք նկատել»։
Սա է հենց իսկական արվեստի առաքելությունը՝ ոչ միայն ստեղծել, այլ ձևափոխել դիտողի հայացքը դեպի աշխարհը։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: