Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը տեղահանվել է Հադրութից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, թշնամու կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով։
«Ցավոք սրտի, 2023 թվականի ավելի քան ինն ամիս տևած շրջափակումն ավարտվեց արցախցիների համար ճանապարհի բացմամբ, որը պարզապես հնարավորություն տվեց լքել իրենց բնակավայրերը։ Էթնիկ զտման արդյունքում ավելի քան 120 հազար հայ միացավ այն 30 հազարին, որոնք տեղահանվել էին 2020 թվականին», – Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակում ասաց նա։
Լիաննան տեղահանվածների խնդիրները դասակարգում է որպես հոգեբանական, սոցիալական և իրավական՝ ընդգծելով, որ դրանք մի շղթա են և փոխկապակցված։
«Եթե սկսենք հոգեբանական խնդիրներից, ապա բոլոր կորուստները՝ ունեցվածքի, ապրուստի, հարազատների, մեծ հարված էին տեղահանվածների համար։ Այս հոգեբանական խնդիրների հաղթահարումը պետք է լինի առաջնահերթ թե՛ պետության, թե՛ հասարակական հատվածի համար։ Գիտենք, որ տեղահանվածները, ամեն ինչ կորցնելով, հայտնվել են զրոյական կետում։ Առաջնային է երկարաժամկետ բնակարանի հարցը, դրան փոխկապակցված՝ ժամանակավոր կացարանների խնդիրը։ Այնուհետև՝ զբաղվածության հարցն է, քանի որ շատերը ստիպված եղան թողնել իրենց մասնագիտական գործունեությունը և զբաղվել պատահական աշխատանքով», – նշեց մեր զրուցակիցը։
Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ իրավական աջակցության ոչ մատչելիությունը ևս հանգեցնում է մի շարք խնդիրների։
«Փաստաթղթեր կան, որոնց վերականգնումը որոշ դեպքերում անհնար է։ Մարդիկ հաճախ տեղեկացված չեն, թե ինչպես պետք է վերականգնեն այդ փաստաթղթերը։ Իսկ երբ տեղեկացված են, պահանջվող գումարները այնքան բարձր են, որ տեղահանվածը նախընտրում է չդիմել», – ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։