Վլադիմիր Գասպարյանի զոքանչը Մայր Աթոռի տարածքում կրպակ և սրճարան է ունեցել․ դատարանը մերժեց դրանց վերաբերյալ ներկայացված ապացույցները

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, հուլիսի 22-ին տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, Հեղուշ Գալստյանի, Անգելինա Գասպարյանի, ոստիկանապետի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի, Անժելա Գասպարյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գասպարյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը հանդես եկավ ապացույց թույլատրելու միջնորդությամբ, որով ներկայացվեցին 1994, 1997, 2001 թվականների արխիվային տեղեկանքների, պետռեգիստրից ստացված վկայականների պատճեններ, լուսանկարներ։

Փաստաբանը հայտնեց՝ նախորդ նիստից հարցաքննված վկաներից մեկն իրենց տրամադրել է ապացույցներ, որոնք վերաբերում են Հեղուշ Գալստյանի (Վլադիմիր Գասպարյանի զոքանչի) կողմից  տնտեսական գործունեություն ծավալելուն, որը կատարվել է դեռևս 1994 կամ 2001 թվականներին․ «Դա մասնավորապես, վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում կրպակ և սրճարան ունենալուն։ Ինչու է այս ապացույցն այժմ ներկայացվում, որովհետև դրանք չեն եղել մեր տիրապետության տակ, ներկայացված ապացույցի մասին նշվել է նախորդ դատական նիստին։ Լուսանկարները վերաբերում են սուբյեկտի տնտեսական գործունեություն ծավավելու հանգամանքին, ակնհայտ է՝ ներկայացված տեղեկանքը տնտեսական գործունեություն ծավալելու հավանական, օրինական եկամուտները հավաստող փաստաթուղթ է»։

Փաստաբանը միջնորդեց նաև բաց թողնված ժամկետը հարգելի համարել։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը հարցրեց՝ եթե այդ փաստաթղթերն իրենց ձեռքի տակ չեն եղել, ապա ում ձեռքի տակ են եղել, փաստաբանն ասաց՝ նախորդ նիստին վկան է հայտնել այդ տեղեկությունը, հետո համապատասխան տվյալները փոխանցել։

Դատախազն ասաց՝ ավելի շուտ կարող էին այդ ամենը ներկայացնել, քանի որ մինչ այս փաստաբանն է միջնորդել վկային դատարան հրավիրել․ «Ինչո՞վ է պայմանավորված, որ էն ժամանակ չգիտեիք այս փաստաթղթերի մասին, նոր իմացա՞ք»։ Ասատրյանը պատասխանեց՝ թե ինչու վկան ավելի շուտ չի դրա մասին հատնել, չի կարող ասել։

Համլետ Հարությունյանի հարցին՝ վկան Հեղուշ Գալստյանի հետ ազգակցական կապ ունի, թե ոչ, փաստաբանն ասաց նրա հարազատ քույրն է։

Դատախազի խոսքով՝ կոնկրետ անձին առնչվող փաստաթղթերը չէին կարող մինչ այս պահը պատասխանող կողմի ձեռքի տակ չլինել, և այլ անձի մոտ լինելու հանգամանքը որևէ կերպ չի հաստատվում։ Նա նաև նշեց, որ բաց թողնված ժամկետ չի կարող հարգելի համարվել։

«Որևէ համոզիչ փաստարկ կամ ապացույց չներկայացվեց, որ այս փաստաթղթերը վերաբերում են Հեղուշ Գալստյանին, դրանք չեն գտնվել վերջինիս մոտ, այլ պահպանվել են այլ անձի մոտ, և նույն անձը ինչ-որ ժամանակ անց հայտնաբերել և որոշել է ներկայացնել»,-ասաց Հարությունյանը։

Վարազդատ Ասատրյանը հակադարձեց՝ նշելով, որ ներկայացված ապացույցի հետագա գնահատումը բխում է կոռուպցիայի կամ հանցավորության դեմ պայքարին ուղղված դատախազության քայլերից, ու այդ 2 նպատակների մասին նշվել է նաև ՍԴ որոշման մեջ։

Նախագահող դատավոր Նարինե Ավագյանը հարցրեց՝ ապացույցը ներկայացնելու նպատակն արդյոք Հեղուշ Գալստյանի՝ եկամուտ ստանալու հանգամանքը հաստատելն է, փաստաբանն ասաց՝ այո, դատավորը նաև հարց ուղղեց շահույթ ստանալու մասին, որի վերաբերյալ պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ Հեղուշ Գալստայնը ևս վկաների թվում է, ինքն առավել հստակ կներկայացնի այդ ամենը։

Մյուս հարցին՝ արդյոք այն ժամանակ, երբ առարկություններով նշել է, որ Հեղուշ Գալստյանը զբաղվել է տնտեսական գործունեությամբ, դրանից հետո որևէ քայլ է ձեռարկել գործունեության վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու համար, Ասատրյանն ասաց՝ ինքը Հեղուշ Գալստյանի հետ որևէ հարց չի քննարկել, միջնորդությունը ներկայացնում է որպես Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ՝ դատարանին հայտնելու, որ իր վստահորդին վերագրվող գույքերի իրական շահառուն Գասպարյանը կարող էր չլինել նաև այս հանգամանքով պայմանավորված։

Նախագահող դատավորը քննարկեց նաև ապացույցը ժամկետի բացթողմամբ ներկայացնելու հարցը, պատասխանողի ներկայացուցիչը կրկին նշեց՝ ապացույցներն իրեն հայտնի են դարձել  վկայի ցուցմունքից հետո։

Դատավորը հակադարձեց՝ նշելով, որ վկան փաստաբանի առաջարկությամբ է հարցաքննության հրավիրվել, ապացույց ձեռք բերելուն ուղղված քայլերը կարող էին ավելի վաղ կազմակերպել։

Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ դատարանն այն մերժեց, հարգելի չհամարվեց նաև դատավարական ժամկետի բացթողումը՝ նկատի ունենալով, որ ապացույց ներկայացնելու վերջնաժամկետն անցել է։

Դատարանում քննարկվեց նաև ապացուցման պարտականությունը բաշխելու որոշման փոփոխության հարցը, դատախազն ասաց՝ այդ որոշմամբ պետք է արձանգրվի՝ այն գույքերը, որոնք ենթակա են բռնագանձման, ձեռք են բերվել Վլադիմիր Գասպարյանի կողմից համապատասխան պաշտոն ստանձնելու օրվանից հետո ընկած ժամանակահատվածում, իսկ ուսումնասիրությանը ժամկետի սկիզբը 2008 թվականն է․ «Ելնելով ՍԴ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներից՝ պետք է ապացուցենք, որ Վլադիմիր Գասպարյանն ապօրինի գույքը ձեռք է բերել «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ենթադրող պաշտոն զբաղեցնելու օրվանից հետո»։

Դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու որոշման փոփոխության վերաբերյալ նոր որոշում կկայացնի, ժամկետ կսահմանի, որպեսզի դրա վերաբերյալ կողմերը ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնեն։

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել