«Ինձ համար անհասկանալի և վիրավորական է, երբ որերորդ անգամ ասում է՝ ծրագիրն անպիտան է եղել»․ Գևորգ Ալթունյանի և մյուսների գործով անդրանիկ նիստը՝ Հակակոռուպցիոն դատարանում

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում մայիսի 20-ին տեղի ունեցավ հեռուստահաղորդավար, մեկնաբան, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի, ևս 4 անձի և «Էլ Ջի մեդիա» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին առաջին նախնական դատական նիստը։

Գործով մյուս պատասխանողներն են Կարո Պողոսյանը, Արթուր Ավագյանը, Արտավազդ Բաղդասարյանը, Սուրեն Ալոյանը (Dasaran.am, Koreez կրթական ծրագրերի հիմնադիր)։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով հայցվորը զինվորական դատախազության ավագ դատախազ Աղավնի Մադոյանն է, վերջինս ներկայացրեց համապատասխան լիազորագիրը։

Այս գործով ներկայացուցչություն իրականացնելու համար լիազորագրեր ներկայացրեցին նաև պատասխանողներ Սուրեն Ալոյանի և Արտավազդ Բաղդասարյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Սահակյանը, պատասխանող Գևորգ Ալթունյանի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Դավիթ Ավագյանը։ Դատական նիստին ներկայացել էր նաև պատասխանող Արթուր Ավագյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականին Գևորգ Ալթունյանն ու նշված 4 անձանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու համար, ու այդ մեղադրանքը նրանք չեն ընդունել։ Այս դրվագով նաև առանձնացված քրեական գործ կա, որը քննվում է Հակակոռուպցիոն քրեական դատարանում, նախագահող դատավորը Վարդգես Ստեփանյանն է։

Ներկայացնելով հայցի առարկայի փաստական և իրավական հիմքերը՝ դատախազը նշեց, որ 2019, 2020, 2021 թվականներին կնքվել են գնման պայմանագրեր, որոնք չեն իրականացվել սահմանված ընթացակարգերով, պայմանագրերում առկա են եղել էական խախտումներ, չարաշահումներ։

Նա ներկայացրեց ծրագրային ապահովման համար նախատեսված այն պայմանները, որոնք պարտավորվել է իրականացնել «Էլ Ջի Մեդիա» ՍՊԸ-ն։

«Նախաքննությամբ պարզվել է, որ Գևորգ Ալթունյանը իր հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող «Նոր սերնդի դպրոց» ՀԿ տնօրեն Սուրեն Ալոյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել վերջինիս պատկանող dasaran.am ապրանքային նշանի գործածմամբ Արտավազդ Բաղդասարյանի կողմից հիմնադրված և վերջինիս պատկանող «Էլ Ջի Մեդիա» ՍՊ ընկերությունից ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ։

Նախապես ձեռք բերված պայմանավորվածությունն իրագործելու նպատակով պատասխաող Ալթունյանը դիմել է ՊՆ նախարարին՝ առաջարկելով վարչության 2019 թվականի ծախսային ծրագրում ներառված ծրագրային ապահովման մշակման և սպասարկման ծառայությունների շրջանակներում թույլ տալ 1 անձից գնման ընթացակարգով «Էլ Ջի Մեդիա» ՍՊԸ-ից ձեռք բերել զորակոչային տարիքի երիտասարդների մասնագիտական ունակությունների վերաբերյալ տվյալների ծրագրային ապահովման, մշակման և հանրակրթության դպրոցներում նախնական զինպատրաստության ուսուցման համար ծրագրային ապահովման նվազագույն ծառայություններ»,-ասաց նա։

Դատախազը հայտնեց՝ պատասխանող Սուրեն Ալոյանը 2019 թվականի օգոստոսի 19-ին գրություն է ուղարկել Գևորգ Ալթունյանին, հայտնել dasaran.am ապրանքային նշանը 2 տարի ժամկետով «Էլ Ջի Մեդիա» ՍՊԸ-ի օգտագործմանը տրամադրելու մասին այն դեպքում, երբ ապրանքային նշանի օգտագործման իրավունքի փոխանցումն իրականացված չի եղել։

Ըստ հայցի փաստական հիմքերի՝ պատասխանող Կարո Պողոսյանը հայտը և տեխնիկական բնութագիրը նախագծելու համար չի ունեցել բավարար մասնագիտական կարողություններ․ «Պատասխանող Գևորգ Ալթունյանը, լինելով պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, չի կատարել իր գործառույթները, գնման գործընթացը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ունեցող աշխատակիցների ներգրավման միջոցով չի կազմակերպել գնման նախագծումը, գնման առարկայի բնութագրի կազմումը»։

Նշված պայմանագրով ենթակա ծառայությունների մատուցման արժեքը կազմել է 50 միլիոն դրամ։ Գնումների գործընթացի ներկայացման ամբողջ ընթացքում դատախազն ընդգծեց՝ ծրագիրը համապատասխանեցվել է միայն ընկերության հնարավորություններին։

«Ըստ փորձագետի կողմից տրված եզրակացության՝ տեխնիկական բնութագիրը եղել է ոչ պիտանի, անորակ, ծրագրային ապահովումները եղել են հնեցված և այդ ծրագրերով հնարավոր չի եղել ապահովել տվյալների անվտանգությունը»,-ասաց դատախազը։

Պատասխանող Գևորգ Ալթունյանի ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը հայցվորին հարցրեց՝ տեխնիկական պայմաններն ինչպես պետք ներկայացված լինեին, դատախազն ասաց՝ այդ ամենը հստակ ներկայացված է փորձագետի եզրակացության մեջ, ինչն էլ հիմք է հանդիսացել հայցի մեջ ներառելու։

Փաստաբանը չհամաձայնեց հայցվորի դիրքորոշման հետ՝ ասելով, որ ուսումնասիրել են այդ եզրակացությունը, սակայն նման բան այնտեղ նշված չէ։  Նրա մյուս հարցին, թե իր վստահորդը՝ որպես պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, ինչ գործառույթներ ուներ, դատախազը պատասխանեց՝ նրա իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Գնումների մասին» օրենքով, թե ինչպես պետք է կազմակերպեր գնման գործընթացը։

Փաստաբանը կրկին հակադարձեց հայցվորի ներկայացուցչին, հայտնեց, որ տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տվյալներն իր հարցի հետ կապ չունեն։

Պատասխանող Գևորգ Ալթունյանն ասաց՝ հայցվորին մի քանի հարցեր ունի տալու, որոնց պատասխաններով պետք է փորձի ճշտել՝ արդյոք «կոմպետենտ» է վերջինս այս գործով իբրև իրավասու մարմնի ներկայացուցիչ հանդես գալու․ «Դուք ներկայացնում եք իրականությունից կտրված և այնքան մակերեսային տեղեկություններ, որ ցանկացած մեկի մոտ կարող է տպավորություն առաջանալ, թե մենք չգիտեմ՝ ինչով ենք զբաղվել»։

Նա հարցրեց՝ արդյոք դատախազը կարդացել է տեխնիկական բնութագիրը, վերջինս ասաց՝ դա այդքան էլ կարևոր չէ․ «Ավելին ասեմ՝ եթե ես դա կարդայի, հնարավոր է՝ ոչինչ չհասկանայի, ինչպես հասկացել ենք՝ տեխնիկական բնութագիրը չեն հասկացել նույնիսկ դրա ստորագրողն ու պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը»։

Ալթունյանն էլ հետևյալ կերպ պատասխանեց․ «Ցանկացած տառաճանաչ մարդ, եթե կարդար, կհասկանար՝ ինչի մասին է, եթե չեք կարդացել, այդպիսի պնդումներ մի արեք։

Տեղյա՞կ եք արդյոք, որ տեխնիկական բնութագիրը կազմելիս ստեղծվելիք ծրագրի գործառույթների համար մինչև այդ բնութագիրը ստեղծվել է աշխատանքային խումբ»։

Դատախազը ասաց․ «Պարո՛ն Ալթունյան, թե ինչից եմ տեղյակ, ես մոտավորապես 20-30 րոպե կարդացի և ներկայացրի այն փաստական հիմքերը, որոնք թույլ են տվել դատախազությանն այս հայցը ներկայացնել, կխնդրեմ ավելորդ որակումներ չտաք»։

Գևորգ Ալթունյանը դատախազին այլ հարցեր էլ ուղղեց, որոնք վերաբերում էին այդ տեխնիկական բնութագիրը անվտանգության խորհրդի նիստին, ծրագրային ապահովման նախագիծը 4 պաշտպանության նախարարներին ներկայացնելուն, ինչին ի պատասխան դատախազն ասաց, որ դրանց վերաբերյալ տեղեկություններ չունի, եթե հավելյալ տվյալներ կան, կարող են ներկայացնել։

Պատասխանողներ Սուրեն Ալոյանի և Արտավազդ Բաղդասարյանի ներկայացուցիչ Լևոն Սահակյանը հայցվորից հետաքրքրվեց՝ ինչ ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել իր վստահորդները։ Հայցվորի ներկայացուցիչը վկայակոչեց հայցի փաստական և իրավական հիմքերը, նշեց՝ բոլոր գործողությունները կատարվել են 1 անձից գնում կազմակերպելու և Արտավազդ Բաղդասարյանին պատկանող ընկերությանը փոխանցելու համար։ Նախագահող դատավորը խնդրեց, որպեսզի բոլոր պատասխանողների մասով առանձին նշվեն ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումները, սակայն ներկայացված պատասխանները չբավարարեցին ո՛չ պատասխանող կողմին, ո՛չ էլ դատարանին։

Հարցուպատասխանի ժամանակ դատախազը կրկին ընդգծեց՝ ներկայացված տեխնիկական բնութագիրը պիտանի չի եղել, հարմարեցված է եղել «Էլ Ջի Մեդիա» ընկերության հնարավորություններին և ոչ նախարարության կարիքներին, ինչի վերաբերյալ պատասխանող Գևորգ Ալթունյանը հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ․ «Եթե տիկին Մադոյանը այսուհետ ասի, որ ստեղծված ծրագիրը եղել է անպիտան, խնդրում եմ թող ցույց տա փորձաքննության եզրակացության մեջ այն կետը կամ փաստաթուղթը, որտեղ գրված է՝ ծրագիրն անպիտան է։ Որպես մարդ, ով կանգնած է եղել դրա հիմքում ու էդ ամբողջի արդյունքում ստեղծվել է զորակոչի կառավարման համար հեղափոխական նշանակություն ունեցող ծրագիր, որը հենց այս պահին ներդրվում է, ինձ համար անհասկանալի և վիրավորական է, երբ որերորդ անգամ ասում է՝ ծրագիրն անպիտան է»։

Դատական նիստն այսքանով ավարտվեց, հաջորդը տեղի կունենա հունիսի 17-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել