«Կեղծ բնապահպանները» ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին․ պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյան

«Եթե այսօր ինձ հարցնեք՝ ո՞ր ոլորտն է ՀՀ տնտեսության համար ամենակարևորը, կասեմ՝ հանքարդյունաբերությունը»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ չնայած, որ դրա կարևորությունը շատերն են հասկանում, սակայն կան մարդիկ, ովքեր ուղղորդված թիրախավորում են թե՛ հանքարդյունաբերությունը, թե՛ դրանով զբաղվող ընկերություններին։ Հովհաննիսյանը կարծում է, որ հասարակության մեջ սխալ են ընկալվում ինչպես բնապահպանական իրական խնդիրները, այնպես էլ, այսպես կոչված, «բնապահպանները»։ Պրոֆեսորը նշում է, որ պետք է ճակատ ստեղծել «կեղծ բնապահպանների» դեմ, քանի որ ՀՀ քաղաքացի է և չի կարող «այդ մարդկանց» արածը թաքցնել կամ կոծկել։ 

«Վերջիններս շատ դեպքերում առանց հիմնավորումների ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին՝ բառիս բուն, տառիս բուն իմաստով եմ ասում։ Ես չգիտեմ՝ այդ մարդիկ որտեղից են ֆինանսավորվում։ Ինչ ստանում ենք ընդերքից, մեր ազգի համար է։ Բայց այդ մարդիկ որտեղի՞ց են ֆինանսավորվում։ Ես ինչ իմանամ, թե Ադրբեջանը չի ֆինանսավորում նրանց»,-նշում է Արմեն Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ նրանցից ոմանք առիթներ, պատրվակներ են տալիս Ադրբեջանին, որպեսզի վերջինս Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկի՝ իրեն հարմար պահերի և ուղղություններով։ Պրոֆեսորը նշում է, որ եթե անգամ խնդիրներ լինեն, դրանք պետք է «ընտանիքի» ներսում քննարկվեն։

«Ես չեմ հասկանում՝ պատկան մարմինները ինչ ու այս հարցով չեն զբաղվում։ Մենք նրանց անգամ խնդրում ենք, որ նման գործունեություն չծավալեն։ Ես, որպես ակադեմիական համայնքի ներկայացուցիչ քաջ ծանոթ են իրավիճակին, հորդորում ենք նրանց զուսպ լինել։ Մարդ կար՝ հանքի, սարի վրա թիթեռ էր բռնում, ասում էր՝ թող հանքը չաշխատի, որովհետև թիթեռը այստեղ է ապրում»,-նշում է ինստիտուտի տնօրենը։ 

Տեղեկացնենք, որ դեռևս 2018-ին Բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը Ամուլսարի հանքավայրի տարածքում իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում չի հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված «ոզնաթուփ մեխակ» բուսատեսակը և Կարմիր գրքում գրանցված «Ապոլոն» տեսակի թիթեռի ձվադրման կերաբույսը (ըստ ՀՀ Կենդանիների Կարմիր գրքի` այս թիթեռը ձվադրում է թրթուրների կերաբույս` Sedum caucasicum-ի շուրջը` սուբստրատի վրա):

Նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Ամուլսարը նշված թիթեռի բնադրավայր չէ։ Բացի այդ, բույսը, որի մասին հայտարարվել էր «Ոզնաթուփ մեխակը» չէ։

Հիշեցնենք նաև, որ դեռևս նախորդ տարի հայտնի դարձավ, որ 9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ միացել են 2023-ի սեպտեմբերի 15-ին CEE Bankwatch Network-ի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ուղղված նամակին, որում կոչ են անում վերանայել հանքարդյունաբերության ոլորտում 2024-28 թվականների ներդրումային ռազմավարությունը։ Այդ 9 երկրների թվում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ուզբեկստանը և Ուգանդայի բնապահպանական ՀԿ-ները։ 

ՎԶԵԲ-ին ուղղված կոչը թիրախավորում է նաև Հայաստանի հանքարդյունաբերությունը։ Ավելորդ չի լինի հիշատակել, որ հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել