Գերմանիան կհատկացնի մինչև 15,6 միլիոն եվրո՝ տարբեր ոլորտների զարգացման համար

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի միջև «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը։ Այն նախատեսում է անձնակազմային և ոչ դրամական ծառայությունների տրամադրում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև 15,6 միլիոն եվրո ֆինանսավորում։Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է հետևյալ աջակցությունը․

  • մասնավոր տնտեսության զարգացում և մասնագիտական կրթություն – մինչև 6,1 միլիոն եվրո,
  • կենսակայուն էներգետիկա՝ համայնքների կլիմայադիմացկուն զարգացման համար – մինչև 6,1 միլիոն եվրո,
  • համայնքների ինտեգրված զարգացում – մինչև 3,1 միլիոն եվրո,
  • ուսումնասիրությունների և մասնագետների հայաստանյան ֆոնդեր – մինչև 300 հազար եվրո։

Ծրագրերի իրականացման պատասխանատու կառույցը կլինի Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ)։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կարևոր է ծրագրերի իրականացման ընթացքի լուսաբանումը և պարբերաբար տեղեկատվության տրամադրումը։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հավելել է, որ գերմանահայկական հիմնադրամի միջոցով արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր՝ սկսած արևային պանելների տեղադրումից մինչև փոքր ու միջին բիզնեսի վարկային աջակցություն և կանանց ձեռներեցության խթանում։ Նրա խոսքով՝ այս տարի մարզերում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ծրագրերի շահառուների ներգրավմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել