Հայկական և ադրբեջանական ՀԿ-ները նույն հայտարարության տակ են ստորագրել, որով թիրախավորվում է նաև ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը

Ադրբեջանի գրոհների վերջին տարիների հիմնական թիրախներից մեկը Հայաստանի տնտեսությունն ու առավելապես հանքարդյունաբերության ոլորտն է։

Վերջերս հայտնի դարձավ, որ 9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ միացել են սեպտեմբերի 15-ին CEE Bankwatch Network-ի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ուղղված նամակին, որում կոչ են անում վերանայել հանքարդյունաբերության ոլորտում 2024-28 թվականների ներդրումային ռազմավարությունը։ Այդ 9 երկրների թվում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Ուզբեկստանը և Ուգանդայի բնապահպանական ՀԿ-ները։ Նրանք ՎԶԵԲ-ին կոչ են անում նախապատվություն տալ փակ արտադրական ցիկլով աշխատող տնտեսություններին, ուշադրություն դարձնել արդյունաբերական թափոնների կրճատմանն ու դրանց հնարավոր վերամշակմանը, բացառել հանքարդյունաբերական ներդրումներն այնպիսի երկրներում, որոնք չեն պահպանում միջազգային բնապահպանական օրենքները, սահմանել արգելված տարածքներ և արգելված տեխնոլոգիաներ, երաշխավորել բնակչության իրազեկվածությունն ու համաձայնությունը։

ՎԶԵԲ-ին ուղղված կոչը թիրախավորում է նաև Հայաստանի հանքարդյունաբերությունը։ Ավելորդ չի լինի հիշատակել, որ հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է և այն կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին։ Ոլորտն այս պահին վնասներ է կրում։ 2023-ի առաջին կիսամյակն ամփոփող սոցիալ-տնտեսական վիճակի մասին պաշտոնական վիճակագրությունը վկայում է այն մասին, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում անկում է ապրում։ Այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ոլորտի ընդհանուր արտադրության ծավալները նվազել են շուրջ 7 տոկոսով։

Հատկանշական է, որ նշված նամակին հայ բնապահպանական կազմակերպություններից միացել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և «Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ-ն:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն պարզաբանում էր ներկայացրել հարցի վերաբերյալ՝ նշելով, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բանկին առաջարկել են ներդրումների ժամանակ առաջնորդվել հետևյալ մոտեցումներով․

– Առաջնահերթություն տալ շրջանաձև տնտեսության մեջ ներդրումներին, այլ ոչ միայն՝ հանքարդյունաբերությանը։

– Կենտրոնանալ հանքանյութերի բնապահպանական հետքի ազդեցության նվազեցման և վերամշակման խթանման վրա։

– Ապահովել, որ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ չկատարվեն այն երկրներում, որոնք չեն պահպանում բնապահպանական օրենքները։

– Սահմանել հանքարդյունաբերության համար արգելված տարածքներն ու արգելված տեխնոլոգիաները։

– Երաշխավորել բնիկ ժողովուրդների նախնական իրազեկված համաձայնությունը և բոլոր շահագրգիռ համայնքների համաձայնությունը։

– Շոշափելի օգուտներ տրամադրել տեղի համայնքներին այն երկրներում, որտեղ գործում է ՎԶԵԲ-ը:

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցն օգտագործել էր Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ներկայացուցիչը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ չեն ցանկանում երկրում տիրող իրավիճակով պայմանավորված որևէ մեկնաբանություն տալ նշված նամակի վերաբերյալ։ Մի քանի հուշումներից հետո կազմակերպության ներկայացուցիչը հասկացավ, թե ինչ նամակի մասին է խոսքը։ Մյուս ՀԿ-ների հետ կապվել չհաջողվեց։

Ավելորդ չէ նշել, որ տարբեր հայտարարությունների, նամակների և ուղերձների միանալուց առաջ նախ անհրաժեշտ է գնահատել դրա ազդեցությունը երկրի տնտեսության վրա և առաջնորդվել չվնասելու սկզբունքով։

Նշենք նաև, մինչև դեռ Ադրբեջանը փորձում է «զբաղվել» Հայաստանի բնապահպանական հարցերով, բաց է թողնում իր երկրի տարածքում առկա խնդիրները, օրինակ՝ Բաքվի մերձակայքում գտնվող Սաբունչի բնակավայրը, որի հազարավոր բնակիչներ թունավորվում են մազութի և աղբի մեջ։

Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված «բնապահպան ակտիվիստներ»-ը, սակայն, չնկատելու են տալիս իրենց իսկ քթի տակ առաջացած էկոլոգիական խնդիրը կամ էլ իրենց նպատակը այլ է՝ ահաբեկել խաղաղ բնակչությանը(այս դեպքում Արցախի), իսկ Սաբունչիում բնակիչները արդեն իսկ ահաբեկված են նախագահ Իլհամ Ալիևի նավթավերամշակման գործարանների թափոններով։

Ադրբեջանցի լրագրողներից մեկը դեպքի վայրից ռեպորտաժ է պատրաստել «Սաբունչիի կյանքը թունավորում են մազութով և աղբով» վերնագրով, որտեղ նշում է, որ Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչների մոտ վաղուց արդեն ձևավորվել է այն զգացողությունը, որ իրենց տները գտնվում են գործող նավթահանքերի կենտրոնում, որն աղբանոցի է վերածվել։ Մոտակայքում գտնվում է չորս հեկտար զբաղեցնող մազութի լճակ, որտեղ բնակիչները աղբ ու կենցաղային թափոններ են թափում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել