Ադրբեջանական լրատվամիջոցն օգտագործել է փորձագետ, «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տեղեկատվական արշավները շարունակվում են։ Baku.TV-ն YouTube-ի իր ալիքով օգոստոսի 16-ին տեսանյութ է հրապարակել, որում խոսում է Հայաստանի հանքարդյունաբերության, դրանից բխող ենթադրյալ վնասների և այլնի մասին։ Նշվում է, թե տեղացի՝  բնապահպաններն ասել են ողջ ճշմարտությունը։ Լրատվամիջոցը՝ թիրախավորելով հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին՝ տեսանյութի ենթագրերում էլ գրել է, թե Հայաստանի հանքարդյունաբերող ձեռնարկությունները ոչնչացնում են տարածաշրջանը։

Հատկանշական է, որ դրանում խոսում է հայ փորձագետ` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Ինգա Զարաֆյանը։ 

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում թեմայի վերաբերյալ հրապարակում է կատարել՝ նշելով, թե տեղյակ չի եղել, որ իրենից վերցված մեկնաբանություններն օգտագործվելու են ադրբեջանական մամուլի կողմից։

Նրա կողմից ներկայացված տեղեկությունն Ադրբեջանը հարմարեցրել և օգտագործել է Հայաստանի դեմ քարոզչության աշխատանքներում։

«Ինձ դիմել էր Նատալյա Խոխլովան, ով ներկայացել էր որպես ռուսական «Բլոկնոտ» տեղեկատվական կայքերի ցանցի թղթակից՝ խնդրելով հարցազրույց տալ Հայաստանի բնապահպանական վիճակի վերաբերյալ:

2023թ. օգոստոսի 3-ին նա հանդիպել է ինձ հետ, սակայն մինչ այցելությունը՝ ծանոթանալով «Բլոկնոտ» տեղեկատվական կայքերի ցանցին, պարզ դարձավ, որ այն վերահսկվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից»,-նշել է նա՝ հավելելով, որ վստահ է, թե լրագրողի այցը Հայաստան պատահական չէր, այլ պատվեր էր Ադրբեջանի կողմից:

Հավելենք` Ինգա Զարաֆյանը նաև Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի անդամ է, որին նաև անդամակցում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Տեղեկատվական դաշտում առկա նման մարտահրավերների վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է նաև Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Նա տարբեր ոլորտների մասնագետներին, փորձագետներին հորդորել է ուշադիր լինել, ստուգել այն ԶԼՄ-ներին, լրագրողներին կամ կազմակերպություններին, որոնք մեկնաբանություն են խնդրում այս կամ այն հարցի վերաբերյալ, հատկապես՝ արտասահմանյան լրատվամիջոցներին։ 

Վերջին շրջանում ավելի են ակտիվացել Ադրբեջանի կողմից Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների թիրախավորումները, հատկապես՝ Սյունիքի մարզում։ Մեդիափորձագետի խոսքով՝ այդ անելով Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնում։

«Առաջինը․ վարկաբեկել Հայաստանը։ Դա մի քանի ուղղություններով է արվում, նաև՝ բնապահպանական։ 2-րդը՝ բացասական կերպով ազդել ՀՀ տնտեսության վրա։ 3-րդը շատ ավելի վտանգավոր և հեռուն գնացող բան է։ Նրանք օկուպացված տարածքներում փորձելու են բնապահպանական թեմաներ բացել և դա տանել միջազգային հարթակներ, օգտագործել ՀՀ-ի դեմ, ինչը կարող է նրանց մոտ ստացվել»,-նշում է Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիները փնտրում են կետեր, որոնցով հնարավոր է Հայաստանին «սևացնել»։

Ադրբեջանը ուզում է զբաղվել հարևան երկրում տեղի ունեցող գործընթացներով, մոռանալով հենց իր տարածքում շրջակա միջավայրի պահպանության հետ կապված խնդիրների մասին։ Սակայն այս դեպքում Հայաստանը համակարգված տեղեկատվական պատերազմներ վարելու խնդիր չի դրել իր առաջ ու չի զբաղվում այս հարցով։

«Մենք չունենք հստակ տեղեկատվական անվտանգությունով զբաղվող կառույցներ, որոնք աշխատում են սիտուատիվ, այլ անընդհատ և հարձակողական տարբերակով։ Չունենք հստակ ռազմավարություն, կառույցների միջև համագործակցություն։ Ով ոնց ինչ կարողանում է՝ անում է։ Ում ձեռքից ինչ գալիս է՝ անում են, բայց դա արվում է ֆիդայական մակարդակով։ Իսկ Ադրբեջանը դա պետական մակարդակով է ու դեռ մեջքին էլ Թուրքիան է կանգնած»,-նշեց փորձագետը։

Տեղեկատվություն տարածելիս կարևոր է իմանալ, հետաքրքրվել և տեղեկանալ, թե ինչ աղբյուրներ են օգտագործելու այն։ Հատկապես մեր օրերում կարևոր է լինել մեդիագրագետ և հստակ պատկերացնել՝ ինչպես ճիշտ օգտվել զանգվածային հաղորդակցման միջոցից/միջոցով՝ ադրբեջանական քարոզչամիջոց դառնալուց խուսափելու համար։ Մեդիագրագետ մարդը, անկախ մասնագիտությունից, պետք է կարողանա գտնել, տարածել, քննարկել, մեկնաբանել տեղեկատվությունը՝ պահպանելով գրագիտության որոշակի սահմաններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել