Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը ու փոխնախագահը հանդիպեցին Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի նախագահի հետ

Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովի շրջանակներում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ` ԻՀԱ) նախագահ Կարեն Զադոյանը, ԻՀԱ-ի փոխնախագահ, Կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, Մարատ Ատովմյանը պաշտոնական հանդիպում ունեցան Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի նախագահ Ջուզեպպե Բուսիայի հետ:

Հանդիպման սկզբում ԻՀԱ-ի նախագահը ներկայացրեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համակարգը: Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների խնդիրները ու Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի հետ հնարավոր համագործակցության շրջանակը, որից հետո Մարատ Ատովմյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր մեխանիզմերը, այդ թվում Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների և մասնագիտացված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կարիքի վրա հիմնված ուսումնական այցելությունների և դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև համատեղ հակակոռուպցիոն այլ ծրագրերի իրականացումը:

Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի նախագահ Ջուզեպպե Բուսիան ներկայացրեց իր կողմից ղեկավարվող մարմնի գործունեության շրջանակը, գրանցած արդյունքները` այդ թվում կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, կարևորեց հակակոռուպցիոն կառույցների միջև միջազգային համագործակցությունը, ՀՀ-ի հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գրանցած հաջողություններն ու փորձը, Կոալիցիայի հետ համագործակցության զարգացումը, այդ թվում համագործակցության շրջանակներում Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների և մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար կարիքի վրա հիմնված ուսումնական ծրագրերի կազմակերպումը:

Երկկողմ համագործակցությունը համակարգային հիմքերի վրա դնելու նպատակով կողմերը դիտարկեցին առաջիկայում փոխըմբռման հուշագրի ստորագրման հնարավորությունը:

Ինչպես տեղեկացրել էինք, ավելի վաղ, Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը հանդիպումներ էին ունեցել Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար կազմի հետ:

Տեղեկացնենք նաև, որ սույն թվականի մայիսի 22-ին, մեկնարկել է Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովը, որը նվիրված է մարմնի ստեղծման 50-ամյակին։ Այն կազմակերպվել է մարմնի և հակակոռուպցիոն մարմինների միջազգային ցանցի կողմից։ Գիտաժողովին ներկա են 60 երկրի 500 հակակոռուպցիոն առաջնորդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել