ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ էլեկտրոնային գնումների կատարման կարգում՝ համակարգում ներառելով նաև այն 26 համայնքներին, որոնք ներկայումս գնումներ են իրականացնում թղթային եղանակով, ինչպես նաև Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Նոր պատվիրատուների կողմից համակարգի արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով նախարարությունը կազմակերպել է եռօրյա դասընթաց, որին մասնակցել են տվյալ կառույցների գնումների պատասխանատուները։ Դասընթացի ընթացքում ֆինանսների նախարարության մասնագետները ներկայացրել են էլեկտրոնային գնումների համակարգի օգտագործման պայմանները և պատասխանել մասնակիցների հարցերին։