ԻՀԱ նախագահը և փոխնախագահը հանդիպել են Վիետնամի իրավաբանների ասոցիացիայի նախագահի հետ

Վիետնամ կատարած այցի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ նաև` ԻՀԱ) նախագահ պարոն Կարեն Զադոյանը, ԻՀԱ-ի փոխնախագահ պարոն Մարատ Ատովմյանը Հանոյում հանդիպել են Վիետնամի իրավաբանների ասոցիացիայի նախագահ պարոն Նգուեն Վան Քուենի հետ:

Հանդիպման սկզբում ԻՀԱ-ի նախագահը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը: Այնուհետև Կարեն Զադոյանը Վիետնամի իրավաբանների ասոցիացիայի հետ քննարկեց հնարավոր համագործակցության շրջանակը, որից հետո Մարատ Ատովմյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր մեխանիզմները, այդ թվում երկկողմանի ուսումնական այցելությունների, դասընթացների և համաժողովների կազմակերպումը, ինչպես նաև համատեղ իրավաբանական այլ ծրագրերի իրականացումը:

Պարոն Նգուեն Վան Քուենը ներկայացրեց Վիետնամի իրավաբանների ասոցիացիայի գործունեության շրջանակը, այդ թվում իրավական ոլորտի հանրային քաղաքականությունների մշակումը, իրավաբանների համար մասնագիտական ուսուցումների կազմակերպումը, բնակչության սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական խորհրդատվության մատուցումը և այլն: Վիետնամի իրավաբանների ասոցիացիայի նախագահը ներկայացրեց, որ ասոցիացիան համախմբում է ավելի քան 80 հազար իրավաբանների:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրության և հնարավոր համագործակցության հարցեր, պայմանավորվեցին առաջիկայում սկսել խորհրդակցություններ երկկողմ համագործակցության շրջանակը որոշելու և համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով: Երկկողմ համագործակցության հարցերը նախապատրաստելու համար ասոցիացիաների նախագահները նշանակեցին երկկողմ համագործակցության համար պատասխանատու անձանց, հանձինս Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ պարոն Մարատ Ատովմյանի և Վիետնամի իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ տիկին Լեհ Տի Կիմ Տհանի:

Բացի այդ, Վիետնամի իրավաբանների ասոցիացիայի նախագահի ուղեկցությամբ հայկական կողմի ներկայացուցիչները շրջայց կատարեցին ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում։

Հանդիպման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Վիետնամի իրավաբանների ասոցիացիայի նախագահները միմյանց հանձնեցին ասոցիացիաների խորհրդանիշներով պատկերված հուշանվերներ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել