Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պայմանագրային զինծառայողը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից էր։ Iravaban.net–ին Ազատամուտից հայտնեցին, որ զինծառայողն ամուսնացած էր, ապրում էր մոր, կնոջ և 3 անչափահաս երեխաների հետ։ Երեխաներից փոքրը 4 տարեկան է, մեծը՝ 13։ Նշեցին, որ դեպքի մասին դեռևս մանրամասներ չգիտեն, բացահայտված չեն պատճառները․ քննության փուլում է։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում է հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: