«Տոյոտա Երևան»-ից առանց մրցույթի շուրջ 37․000 դոլար արժողությամբ 2021թ․-ի արտադրության ավտոմեքենա է գնվել Հակակոռուպցիոն կոմիտեի համար

Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, որով մեքենա է ձեռք բերել կոմիտեի համար։

Պայմանագիրը կնքվել է կառավարության մեկ անձից կատարվող գնումների միջոցով, այսինքն՝ առանց մրցույթի։

Գնումը կազմել է 18 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 37.000 դոլար՝ Կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 17-ին սահմանված փոխարժեքի համաձայն):

Ըստ մեքենայի տեխնիկական բնութագրի․

  • 2021 թվականի արտադրության է,
  • ավտոմեքենայի գույնը՝ սև,
  • շարժիչի ծավալը՝ առավելագույնը 2․5 լիտր,
  • վառելիքի տեսակը՝ բենզին,
  • վառելիքի բաքի տարողությունը՝ առավելագույնը 60 լիտր,
  • վառելիքի ծախսը (խառը ցիկ․)՝ առավելագույնը մինրև 7 լիտր,
  • սրահի գույնը՝ սև, կաշեպատ,
  • 18 թեթևաձույլ անվասկավառակներ 235/45R18-245/45/19,
  • ավտոմատ լուսարձակների տիրույթի կառավարում,
  • մասնակի պահեստային անիվ,
  • թափքի գույնի կողային հայելիներ,
  • ալեհավաք՝ «շնաձկան լողաթև»,
  • ավտոմեքենայի վազքը գնման պահին չպետք է գերազանցի 1000 կիլոմետրը։

Ըստ պայմանագրի՝ սպասարկման ընթացքում շարժիչի յուղը պետք է փոխարինվի սույն ավտոմեքենայի համար նախատեսված գործարանային յուղով։

Մատակարարը պետք է ունենա՝ ավտոպահեստամասերի/ընթացային, թափքի մասին պահեստամասեր/ պահեստ կամ խանութ, վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր արտադրամասերը (ընթացամասի, էլեկտրականության, յուղման, անվաբացքի կարգավորման, վուլկանացման, ինժեկտորի վերանորոգման, ղեկային մասի, շարժիչի, փոխանցման տուփի և կամրջակների վերանորոգման, մեքենայի ախտորոշման և այլ անհրաժեշտ սարքավորումներ և ծառայություններ, ինչպես նաև՝ զոդման և թափքի ներկման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն):

Մեքենայի գնման մասին, ի պատասխան Իրավաբան.net-ի գրավոր այն հարցման, թե ինչ մակնիշի է մեքենան, Հակակոռուպցիոն կոմիտեից պատասխանել են, որ նպատակահարմար չէ հայտնել դրա մակնիշը, քանի որ մեքենան հատուկ նշանակություն ունի։ «Առաջիկայում ձեռք է բերվելու ևս 9 ավտոմեքենա»,-նշել են Հակակոռուպցոն կոմիտեից։

Իրավաբան.net-ը հայտնում է նաև, որ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացած տեղեկությունների համաձայն, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի սեփականատերերի ցանկում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, ով այժմ անցնում է քրեական գործով։ 

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել