Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը։ Ինչպես քաղաքապետարանից տեղեկանում է Iravaban.net-ը՝ առաջարկվում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Առաջարկը ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Խաչատրյանը նշեց, որ առաջարկվում է 15 դպրոցում միաժամանակ մշտադիտարկում իրականացնել՝ ապահովելով իրավական հիմքերը, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։
Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց,-«Դպրոցականները սկզբում կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»։ Քաղաքապետն առաջարկեց հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ: