Գերմանիայից ժամանած դատավորն ու դատախազը վերապատրաստման դասընթաց են իրականացրել զինվորական դատախազների և Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Գլխավոր դատախազությունից։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 27-28-ին, «Խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքը զինված ուժերի համատեքստում» թեմայով վերապատրաստման դասընթաց է իրականացրել զինվորական դատախազների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար:
Վերապատրաստումն իրականացրել են գերմանացի փորձագետները՝ դատախազ, Գերմանիայի զինված ուժերի պահեստազորի կապիտան Քրիստիան Վլասիչը և Դույսբուրգի դատարանի դատավոր Յաննա Լիդկեն:
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը սեպտեմբերի 27-ին ընդունել են գերմանացի փորձագետներին, IRZ-ի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:
Նույն օրը գերմանացի դատախազն ու դատավորն այցելել են Պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, հանդիպել Ակադեմիայի պետ Արսեն Մանգասարյանին և կուրսանտների համար վերապատրաստում իրականացրել «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խոշտանգումների և վատ վերաբերմունքի գործերի քննության առանձնահատկությունները զինված ուժերի համատեքստում» թեմայով: Այնուհետև, ՀՀ զինվորական դատախազությունում, դատախազների մասնակցությամբ, քննարկվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի գործերի քննության՝ հայկական ու գերմանական փորձն ու առանձնահատկությունները:
2025 թվականի սեպտեմբերի 28-ին դատախազների մասնակցությամբ վերապատրաստումն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Անդրադարձ է կատարվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքին՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, արդյունավետ քննություն անցկացնելու պարտականությանը, ՄԻԵԴ-ի արդյունավետ քննության չափանիշներին և այլ հարցերի: