ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են հափշտակության և պաշտոնեական կեղծիքի դեպքեր։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Հետաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային և ՀՀՍ ծառայությունների պետի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները չարաշահելով և վաշտի հրամանատարի ու մի շարք այլ անձանց օժանդակությամբ, 2024թ. հունվարից մինչև 2025թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով հափշտակել է իր տնօրինմանը հանձնված վառելիքի կտրոնները։
Ըստ նախաքննության տվյալների՝ հիշյալ պաշտոնատար անձը, գործուղումների համար ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու փոխարեն, բուժանձնակազմի որոշ անդամներին թույլ է տվել տեղափոխվել սեփական մեքենաներով։ Միևնույն ժամանակ, նրա հանձնարարությամբ կազմվել են կեղծ ուղեգրեր, որոնց հիման վրա ստացված բենզինային և դիզելային վառելիքի ընդհանուր 1720 լիտր կտրոններից 1130 լիտրը հափշտակվել է։ Մնացած մասը՝ մոտ 590 լիտր, հատկացվել է գործուղումների մեկնած բժիշկներին։
Պետությանը պատճառվել է 514.550 ՀՀ դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։
Հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրան օժանդակած վաշտի հրամանատարին և մեկ վարորդի։
Նախաքննությունն ավարտվել է։ Գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: