64 կողմ 0 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հիմնական զեկույցում արձանագրել է, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը, ստորագրվել է խաղաղության հռչակագիրը եւ, ըստ էության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված է խաղաղություն: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարծում է, որ Ազգային ժողովը պետք է պաշտոնապես արձանագրի այս փաստը եւ հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանն ու կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու եւ զարգացնելու հաստատված խաղաղությունը: Այս փաստի բերումով առաջարկել ենք հրավիրել ԱԺ նիստ և ընդունել այս հայտարարությունը»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը:
Հայտարարության նախագծի տեքստը՝ այստեղ:
Հայտարարության նախագիծն ընդունվեց արտահերթ նիստում։ Նիստը գումարվեց քառօրյայի ավարտից անմիջապես հետո։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չմասնակցեցին։