Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
Այս մասին որոշումն այսօր՝ հուլիսի 9-ին, հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդը՝ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ։
Հավելենք, որ որոշման տակ ստորագրել էին Ռուբեն Վարդազարյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Արմեն Հայկյանցը, Հայկ Հովհաննիսյանը, Մեսրոպ Մակյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը։ «Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը և Ռուբեն Վարդազարյանը հայտնել են հատուկ կարծիք՝ պատճառաբանական մասի վերաբերյալ»,-նշեց ԲԴԽ նախագահը։
Հիշեցնենք, որ նույն դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին էր ներկայացրել միջնորդություն, որը հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը ներկայացրեց՝ նշելով․ «Դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը նշել է, որ դատարանի նախագահ Արման Կուրեխյանը 2020 թվականի փետրվարի 1-ին՝ իր հետ քննարկելով աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր, թույլ է տվել դատարանի նախագահին անհարիր վարքագիծ։ Մասնավորապես, դատարանի նախագահը դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի վերաբերյալ արել է հետևյալ արտահայտությունը․ «Ուրիշի տեղն ես զբաղեցնում, շուտով բոլորը դա կհասկանան, ոնց ուզում ես ընկալի, բայց գործավարի հաստիքից այդպես էլ չաճեցիր, այդ հոգեբանությունից դուրս արի, պատմուճան կրելը և մի երկու վճիռ կնքելը քեզ դեռ դատավոր չի դարձնում»»։
Նիստերի ընթացքում Կուրեխյանը հայտնեց, որ այդ օրը ինքը եղել է արձակուրդում և չի հանդիպել Սյուզաննա Ուլիխանյանին։
Իր եզրափակիչ ելույթում դատավորը նշել էր․ «Հարգելի խորհուրդ, կարծում եմ՝ Հայաստանում չի գտնվի մի դատավոր, որը հայց կբավարարի՝ հիմք ընդունելով միայն հայցադիմումը, և հույս ունեմ, որ չի գտնվի նաև դատավոր, որը անձին մեղավոր կճանաչի հանցավորության կատարման մեջ՝ հիմք ընդունելով հանցագործության մասին հաղորդում։ Հիմա դրա առջև կանգնած է ԲԴԽ-ն»,-իր խոսքում նշեց Արման Կուրեխյանը՝ հույս հայտնելով, որ հանձնաժողովը չի կարողանա մոլորության մեջ գցել Բարձրագույն դատական խորհրդին՝ կարգապահական վարույթի հարուցման հիմքը ներկայացնելով որպես այդ հիմքը հաստատող ապացույց։
Ալիսա Չիլինգարյան
Վահե Վարդանյան
Նախորդ նիստերը՝
- Դատարանի նախագահ Արման Կուրեխյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջորդություն ներկայացրած դատավորը ապացույցներ չի ներկայացրել ԲԴԽ
- «Պապաներ» չունեմ, բարձրաստիճան քավոր-սանիկական հարաբերությունների մեջ չեմ գտնվում, հայրս ՌԴ-ում խոշոր գործարար չէ․ Արման Կուրեխյանը՝ իր՝ դատարանի նախագահ ընտրվելու մասին
- Սա աննախադեպ երևույթ է, որ դատավորը այսպիսի մեթոդի կիրառմամբ արտահայտում է իր վերաբերմունքը միջանձնային հարաբերությունների վերաբերյալ․ ԲԴԽ անդամ
- Դատավորը նշել է, որ դատարանի նախագահն իր հետ զրույցում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, այնինչ նրանք այդ օրը չեն հանդիպել