Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացած միջնորդության քննությունը շարունակվեց հունիսի 11-ին։
Նախորդ նիստն ընդհատվեց այն մասում, երբ պարզ դարձավ, որ Արման Կուրեխյանը պատասխան է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, ինչին ԲԴԽ ոչ բոլոր անդամներն են հասցրել ամբողջությամբ ծանոթանալ։ Դրա բովանդակությանը ծանոթ չի եղել նաև Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը։
Դատավորի պատասխանը տրամադրվել է հանձնաժողովին, ինչի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նախորդիվ ներկայացրած եզրակացությունում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջացրել։ Այս մասին նշեց Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը։
Նիստին ելույթ ունեցավ Արման Կուրեխյանը՝ իր խոսքը սկսելով նրանով, որ դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի կողմից ներկայացված միջնորդության պարունակությունը չի համապատասխանում իրականությանը և ինքն այն ամբողջապես հերքում է։ Գտնում է, որ բացի հերքելուց, որևէ ապացույց ներկայացնելու պարտականություն չունի և օրենքով էլ ազատված է ապացուցման պարտականությունից, արդարանալու որևէ բան չունի։
Կուրեխյանի խոսքով, օրենքով ամրագրված են կարգապահական վարույթի հարուցման առիթները, տվյալ դեպքում առիթ է հանդիսացել դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ուղղված ԲԴԽ նախագահին, դրանում առկա բովանդակույթունն էլ կարգապահական վարույթի հիմք է հանդիսացել։ «Բայց արդյո՞ք միայն առիթի ու հիմքի առկայությունը կարող էր բավարար լինել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելու, առավել ևս՝ պատասխանատվության ներկայացնելու համար։ Ըստ հանձնաժողովի՝ այո, ըստ Դատական օրենսգրքի՝ ոչ, քանի որ հիմքի առկայությունը պետք է նաև ապացուցվի»,-նշեց նա։
Արման Կուրեխյանը ն նշեց, որ նախորդ նիստին Մխիթար Պապոյանը հայտնեց, որ եթե քաղաքացին հաղորդում ներկայացնի, իսկ դատավորը՝ հերքի, իրենք ամեն դեպքում առաջնորդվելու են դատավորի հերքումով ու փաստորեն կստացվի, որ քաղաքացին սուտ է ասում։ Նա նաև հավելեց, որ ինչ է ստացվում՝ դատավորների կաստայական համակա՞րգ է գործում, դատավորները անձեռնմխելի գերբնական անձնավորություննե՞ր են, որոնց ասածները քննարկման և քննադատության ենթակա չեն։ Ի՞նչ մշակույթ է սրանով ուզում ներդրվել։ Ինչպես նա նշեց՝ հանձնաժողովը կամայականորեն է գնահատել տրամադրության տակ եղած փաստաթղթերը։
«Որտե՞ղ, ի՞նչ իրավական ակտում մենք կարող ենք գտնել ամրագրումը՝ դատավորի առանձնահատուկ պաշտոնեական կարգավիճակից բխող տեղեկությունների հավաստիության կանխավարկած։ Կա՞ նման որևէ իրավական ակտ, որևէ իրավական նորմ, որն ուղղակիորեն ասում է, որ դատավորի ասածը պետք է գնահատել՝ ելնելով դրա հավաստիության կանխավարկածից»,-ասաց դատարանի նախագահը։
Նա ներկայացրեց մի քանի օրինակներ, որն ըստ իր կարծիքի՝ վկայում են հանձնաժողովի կամայական և խտրական վերաբերմուքնի մասին։
«Դատարանի նախագահ եմ ընտրվել հանձնաժողովի կողմից՝ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում, չգիտեմ, ովքեր են իմ օգտին քվեարկել՝ ովքեր՝ իմ դեմ, չգիտեմ ինչ չափանիշներ են հաշվի առնվել ինձ դատարանի նախագահ ընտրելու համար, քանի որ հայտարարում եմ՝ պատասխանատու և պաշտոնապես՝ «պապաներ» չունեմ, խոսքը կենսաբանական հոր մասին չէ, փառք Աստծո, ունեմ, բարձրաստիճան քավոր-սանիկական հարաբերությունների մեջ չեմ գտնվում, հայրս Ռուսաստանի Դաշնությունում խոշոր գործարար չէ, և նմանատիպ այլ հարաբերություններ որևէ կերպ չունեմ։ Թե ինչու՞ է ինձ ընտրել ԲԴԽ-ն, դա ԲԴԽ-ի որոշելիքն է։ Բայց պետք է ցավով նշեմ, որ իմ ընտրությունը շատ ցավագին է ընդունվել որոշ մարդկանց կողմից, ինչին ականատես են եղել նաև ԲԴԽ մի քանի անդամներ, որոնք եկել էին ինձ ներկայացնելու։ Տեղի է ունեցել մի շատ տհաճ միջադեպ, որի մասին ամբողջ Տավուշի մարզը մեկ ամիս խոսում էր և ծիծաղում էր այդ վարքագծի հետ կապված և այդ անձինք մինչ օրս շարունակում են իրենց նույն վարքագիծը»,- ասաց Արման Կուրեխյանը։
Դատարանի նախագահը հայտարարեց, որ նախորդ տարում 3 հաղորդում է ներկայացրել՝ կարգապահական վարույթ հարուցելու հետ կապված, որոնք մերժվել են։
Նրա խոսքով, ինքն իր դեմ ներկայացված միջոցնորդության վերաբերյալ պատասխան ներկայացնելիս էլ գործել է հարգալից՝ դատավորի միջնորդության վերաբերյալ չի նշել, թե սուտ է, որ չստացվեր նա ստել է, այլ նշել է, որ այն առարկայազուրկ է։
Հավելենք նաև, որ նախորդ նիստին Մխիթար Պապոյանը խնդրեց Արման Կուրեխյանին որպես վկա հրավիրել դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին, ինչի համար Կուրեխյանը նշեց, որ կմտածի այդ ուղղությամբ։ Այս նիստին նա հայտարարեց, որ նման միջնորդություն չի ներկայացնի։
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված նիստն ավարտվեց, Արման Կուրեխյանի ելույթը մնաց կիսատ։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 18-ին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը փետրվարի 5-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հաղորդում է ներկայացրել, որը փետրվարի 18-ին վերահասցեագրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին, ինչն էլ նույն մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել։
Նախորդ նիստին՝ հունիսի 4-ին, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը ԲԴԽ անդամներին ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը՝ նշելով․ «Դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը նշել է, որ դատարանի նախագահ Արման Կուրեխյանը 2020 թվականի փետրվարի 1-ին՝ իր հետ քննարկելով աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր, թույլ է տվել դատարանի նախագահին անհարիր վարքագիծ։ Մասնավորապես, դատարանի նախագահը դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի վերաբերյալ արել է հետևյալ արտահայտությունը․ «Ուրիշի տեղն ես զբաղեցնում, շուտով բոլորը դա կհասկանան, ոնց ուզում ես ընկալի, բայց գործավարի հաստիքից այդպես էլ չաճեցիր, այդ հոգեբանությունից դուրս արի, պատմուճան կրելը և մի երկու վճիռ կնքելը քեզ դեռ դատավոր չի դարձնում»»։
Ալիսա Չիլինգարյան
Վահե Վարդանյան