Դատարանի նախագահ Արման Կուրեխյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջորդություն ներկայացրած դատավորը ապացույցներ չի ներկայացրել ԲԴԽ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը փետրվարի 5-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հաղորդում է ներկայացրել, որը փետրվարի 18-ին վերահասցեագրվել է Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին, ինչն էլ նույն մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել։

Հունիսի 4-ին կայացավ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջորդության քննության կապակցությամբ հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստը։

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյան

Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը ԲԴԽ անդամներին ներկայացրեց հանձնաժողովի եզրակացությունը։ «Դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը նշել է, որ դատարանի նախագահ Արման Կուրեխյանը 2020 թվականի փետրվարի 1-ին՝ իր հետ քննարկելով աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր, թույլ է տվել դատարանի նախագահին անհարիր վարքագիծ։ Մասնավորապես, դատարանի նախագահը դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի վերաբերյալ արել է հետևյալ արտահայտությունը․ «Ուրիշի տեղն ես զբաղեցնում, շուտով բոլորը դա կհասկանան, ոնց ուզում ես ընկալի, բայց գործավարի հաստիքից այդպես էլ չաճեցիր, այդ հոգեբանությունից դուրս արի, պատմուճան կրելը և մի երկու վճիռ կնքելը քեզ դեռ դատավոր չի դարձնում»»,-նշեց Մխիթար Պապոյանը։

Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյան

Նա նաև ներկայացրեց Արման Կուրեխյանի դիրքորոշումը հարցի վերաբերյալ։ Ի պատասխան այս ամենի, ապրիլի 16-ին, դատարանի նախագահը ներկայացրել է գրությունը, որում նշել է․ «Առհասարակ չեմ հիշում, թե ինչ քննարկման մասին է հիշատակել Ուլիխանյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված դիմումում։ Ավելին, 2020 թվականի փետրվարի 1-ին գտնվել եմ արձակուրդում, ինչի մասին սահմանված կարգով տեղեկացրել եմ նաև հանձնաժողովին։ Այնուամենայնիվ, եթե ինչ-ինչ հանգամանքներում, նպատակահարմարությունից ելնելով, 2020 թվականի փետրվարի 1-ի աշխատանքի կազմակերպման քննարկման փաստն ու դրա բովանդակությունը հիմնավորված համարվի, ապա պատրաստ եմ հրապարակայնորեն ներկայացնել իմ դիրքորոշումը, իսկ մինչև այդ՝ հիմք ընդունելով Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի (Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի ապացուցման պարտականությունը) դրույթները, բացատրություն ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում և չեմ ցանկանում ժամանակ վատնել առարկայազուրկ հայտարարությունները հակադարձելու վրա»,-կարդաց Մխիթար Պապոյանը։

Նիստին նշվեց, որ դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը այլ ապացույցներ չի ներկայացրել։

Մխիթար Պապոյանը ներկայացրեց, որ հանձնաժողովն արձանագարել է՝ դատավոր Արման Կուրեխյանը թույլ է տվել Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնները (Դատավորն ի պաշտոնե գործելիս պարտավոր է՝ հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ), միաժամանակ հանձնաժողովը գտել է, որ դատարանի նախագահի կողմից թույլ տրված խախտումը կոպիտ է, քանի որ այն կատարվել է դիտավորությամբ, ինչն էլ հանգեցրել է դատական իշխանության հեղինակազրկմանը։ Ելնելով այս ամենից, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը գտել է, որ պետք է Արման Կուրեխյանը կարգապահական պատասխանատվության ներկայացվի։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը խոսք տվեց դատավոր Արման Կուրեխյանին, ով նշեց, որ հարցեր ունի՝ նախ միջնորդելով, որ իր հարցերը նստած հղի հանձնաժողովի նախագահին։ Ի հակադարձում՝ Մխիթար Պապոյանն ասաց, որ ամեն դեպքում ինքը կանգնած կպատասխանի հարցերին։ Կուրեխյանը մի շարք հարցեր ուղղեց Մխիթար Պապոյանին, ինչին ի պատասխան նա հայտնեց, որ բոլոր հարցերի պատասխաններն արդեն ներկայացվել է զեկույցում։

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյան

«Ինձ հետաքրքիր է, այդ կարգապահական վարքագծի խախտումը, որ ինձ վերագրել եք, ես կատարել եմ որպես դատավո՞ր, թե որպես դատարանի նախագահ»,-Մխիթար Պապոյանին հարց ուղղեց Արման Կուրեխյանը, ինչի ի պատասխան նա նշեց, որ դատարանի նախագահն ինքնին դատավոր է և հանձնաժողովն այդ հարցը չի քննարկել՝ հաշվի առնելով այդ հարցի ոչ կարևոր լինելը։

Կուրեխյանի հաջորդ հարցն իր արձակուրդում գտնվելու մասին էր, նա մասնավորապես հարցրեց, թե արձակուրդում գտնվելիս կարո՞ղ էր ի պաշտոնե գործել։ Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ եթե դատավորը գտնվում է արձակուրդում և դատական ակտ է հրապարակում՝ կնշանակի կարգապահական խախտում է թույլ տալիս։

ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյան

Մխիթար Պապոյանին հարցեր ուղղեցին նաև ԲԴԽ անդամները։ Հայկ Հովհաննիսյանը հարցրեց, թե դիտավորությունն ինչո՞վ է հիմնավորել հանձնաժողովը, և եթե նույնիսկ ապացուցվի, որ Արման Կուրեխյանը նման արտահայտություններ է կատարել, ապա դա դիտարկվում է որպես վիրավորա՞նք, դատական իշխանության նկատամամբ հանրության վստահությունը նվազեցնող վարքագի՞ծ, դատական իշխանության հեղինակազրկու՞մ։ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը նշեց, որ դատավորը պարտավոր է հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել իր կոլեգա մյուս դատավորների նկատմամբ, որն օրենքի ուղիղ դրույթ է, իսկ այն, որ եթե նման արտահայտություն արվել է, ապա դժվար է պատկերացնել գնահատական, որ դա անհարգալից կամ բարեկիրթ վերաբերմունքի դրսևորման ձևերից մեկն է։ «Ինձ համար անհասկանալի է, ո՞նց կարող է դատավորը դատավորին անբարեկիրթ արտահայտություններով դիմի ու դա դատական իշխանության հեղինակազրկությանը չազդի»,-ասաց Մխիթար Պապոյանը, որ դիտարկվում է արտահայտությունն ամբողջովին, բայց առանձին-առանձին արտահայտություններ էլ կան, որ կարող են դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյան

«Եթե պարոն Կուրեխյանն ասեր, որ ես նման արտահայտություններ թույլ չեմ տվել կամ չեմ արել, սա բավարարելի՞ էր ձեզ համար, որպեսզի դուք վարույթ չհարուցեիք»,- հարցրեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Պապոյանը նշեց, որ թե նախորդիվ ինչ-որ բան լինելու դեպքում ինչ կլիներ՝ չի կարող ասել։

«Դատարանի նախագահը, որն արձակուրդի մեջ է, իրավունք ունի՞ գա դատարան և պարտադիր կատարման ցուցումներ տա, այնպիսի ցուցումներ, որը կարող է նախագահը տալ, եթե արձակուրդի մեջ չլիներ»,- հնչեց Գրիգոր Բեքմեզյանի հաջորդ հարցը։

Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝ չի կարող։ Նրանց հարցուպատասխանի համաձայն, եթե դատարանի նախագահը նույն արտահայտությունները թույլ տար դատարանի մեկ այլ աշխատակցի, օրինակ՝ հավաքարարի նկատմամբ, էլի կարժանանար հանձնաժողովի նույն գնահատականին, իսկ եթե դատարանի աշխատակազմից դուրս մեկ այլ անձի՝ ոչ։

Բեքմեզյանը նաև բարձրացրեց գործով ապացուցման խնդիրը, քանի որ երկու դատավորներից բացի, այլ անձ ներկա չի եղել այդ խոսակցությանը։ «Դուք քրեական գործեր քննող դատավոր եք և ես, չգիտեմ ինչու, վստահ եմ, որ եթե ձեզ մոտ գործ լինի, որը հիմնված լինի միայն ցուցմունքի վրա, առանց որևէ այլ ապացույցի՝ չեմ կարոծում, որ դուք այդ գործով մեղադրական դատական ակտ կայացնեք»,-ասաց ԲԴԽ անդամը։

ԲԴԽ անդամ Անի Մխիթարյան

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը նշեց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ եթե Կուրեխյանը հանձնաժողովին ներկայացներ բացատրություն և նշեր ինչ-ինչ հանգամանքներ, ապա հանձնաժողովի դիրքորոշման մեջ փոփոխություն կարող էր լինել։ «Պարոն Կուրեխյանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդին պատասխան՝ կից փաստաթղթերով, միգուցե տրամադրե՞նք այդ փաստաթղթերը հանձնաժողովին, հետո նոր հանձնաժողովի ամբողջական դիրքորոշումը ձևավորվելու արդյունքում նոր շարունակենք հարցուպատասխանը»,-ասաց նա։

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ ինքն էլ ծանոթ չէ պատասխանի բովանդակության, այն 64 էջից է կազմված և պետք է տրամադրել հանձնաժողովին ու նիստը հետաձգել։

Հավելենք նաև, որ Մխիթար Պապոյանը խնդրեց Արման Կուրեխյանին որպես վկա հրավիրել դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին, ինչի համար Կուրեխյանը նշեց, որ կմտածի այդ ուղղությամբ։

Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 11-ին։

Ալիսա Չիլինգարյան

Տեսանյութը՝ Վահե Վարդանյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել