Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք հանդիսացած միջնորդության քննությունը Բարձրագույն դատական խորհուրդը շարունակեց այսօր՝ հունիսի 25-ին։
Հիշեցնենք, որ նույն դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին էր ներկայացրել միջնորդություն, որը հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը ներկայացրեց՝ նշելով․ «Դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը նշել է, որ դատարանի նախագահ Արման Կուրեխյանը 2020 թվականի փետրվարի 1-ին՝ իր հետ քննարկելով աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր, թույլ է տվել դատարանի նախագահին անհարիր վարքագիծ։ Մասնավորապես, դատարանի նախագահը դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի վերաբերյալ արել է հետևյալ արտահայտությունը․ «Ուրիշի տեղն ես զբաղեցնում, շուտով բոլորը դա կհասկանան, ոնց ուզում ես ընկալի, բայց գործավարի հաստիքից այդպես էլ չաճեցիր, այդ հոգեբանությունից դուրս արի, պատմուճան կրելը և մի երկու վճիռ կնքելը քեզ դեռ դատավոր չի դարձնում»»։
Նախորդ նիստն ընդհատվել էր այն պահին, երբ Մխիթար Պապոյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով, իսկ Արման Կուրեխյանը հայտնեց, որ միջնորդություն ունի ներկայացնելու խորհրդին՝ ինքը հունիսի 17-ին դիմել է Դատական կարգադրիչների ծառայության պետին՝ խնդրելով իրեն տրամադրել 2020 թվականի փետրվարի 1-ին Դիլիջանի և Իջևանի նստավայրեր մուտքի ու ելքի վերաբերյալ տվյալներ։
Այս նիստին Կուրեխյանը ներկայացրեց դրանք։
«2020 թվականի փետրվարի 1-ին՝
- Իջևանի նստավայրի շենք են մուտք գործել Ռաֆիկ Մելքոնյանը՝ ժամը 09։30-17։57, Սամվել Բադալյանը մուտք է գործել 09։15, դուրս է եկել 17։00-ին,
- Դիլիջանի նստավայրում Սյուզաննա Ուլիխանյաննը մուտք է գործել 10։00, դուրս է եկել 18։30-ին և նույն նստավայրում Զոյա Զաքինյանը 09։15-ին մուտք է գործել, 13։00-ին դուրս է եկել, հետո նորից 14։10 եկել, հետո 17։50 դուրս եկել,
- Նոյեմբերյանի նստավայրի շենք Արման Կուրեխյանը 10։05-11։10 րոպե»։
Նա ընգծեց, որ նշված օրը Դիլիջանի և Իջևանի նստավայրերում չի եղել և չէր կարող հանդիպել Սյուզաննա Ուլիխանյանին։ Դատարանի նախագահի խոսքով, իրեն տրամադրել են տեղեկությունը պատճենի տեսքով, կարգադրիչների ծառայության բաժնի պետի ստորագրությամբ հաստատված, սակայն եթե անհրաժեշտ է՝ կարող է ներկայացնել նաև պատշաճ վավերացումով տարբերակը, ինչի կարիքը ԲԴԽ անդամները չգտան։
Այնուհետև դատարանն անցավ գործով առկա ապացույցների հետազոտմանը։ Քանի որ որևէ ապացույց չկար, որ պետք էր առանձնահատուկ քննվեր, կողմերն անացան եզրափակիչ ելույթներին։
Քանի որ Մխիթար Պապոյանը նախորդ նիստին էր հանդես եկել եզրափակիչ ելույթով, այս նիստին միայն հայտարարություն արեց՝ նշելով․ «Պարոն Կուրեխյանի կողմից ներկայացվեց փաստաթուղթ դատարանի յուրաքանչյուր մասնաշենք դատավորների մուտքի և ելքի հետ կապված, որով մեր կողմից ներկայացված միջնորդությունը վերցվում է կասկածի տակ՝ հիմնավորվածության առումով, որպեսզի այնպես չլինի, որ որևէ արձագանք չկա կարգապահական հանձնաժողովի կողմից այս փաստաթղթից հետո, միայն մեկ արձագանք եմ ուզում ներկայացնել՝ եթե պարոն Կուրեխյանի կողմից կներկայացվի իր այդ օրվա հեռախոսազանգերի ելքային տվյալները և եթե դրանցում չի պարունակի իր կողմից ելքային զանգ պարոն Կուրեխյանի և տիկին Ուլիխանյանի միջև, ապա հանձնաժողովը իր միջնորդությունից կհրաժարվի»։
Արման Կուրեխյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։
«Հարգելի խորհուրդ, կարծում եմ՝ Հայաստանում չի գտնվի մի դատավոր, որը հայց կբավարարի՝ հիմք ընդունելով միայն հայցադիմումը, և հույս ունեմ, որ չի գտնվի նաև դատավոր, որը անձին մեղավոր կճանաչի հանցավորության կատարման մեջ՝ հիմք ընդունելով հանցագործության մասին հաղորդում։ Հիմա դրա առջև կանգնած է ԲԴԽ-ն»,-իր խոսքում նշեց Արման Կուրեխյանը՝ հույս հայտնելով, որ հանձնաժողովը չի կարողանա մոլորության մեջ գցել Բարձրագույն դատական խորհրդին՝ կարգապահական վարույթի հարուցման հիմքը ներկայացնելով որպես այդ հիմքը հաստատող ապացույց։
Նիստը նախագահող Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց, որ ԲԴԽ-ն որոշում կկայացնի, որը կհրապարակվի հուլիսի 9-ին։
Ալիսա Չիլինգարյան
Վահե Վարդանյան
Նախորդ նիստերը՝
- Դատարանի նախագահ Արման Կուրեխյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջորդություն ներկայացրած դատավորը ապացույցներ չի ներկայացրել ԲԴԽ
- «Պապաներ» չունեմ, բարձրաստիճան քավոր-սանիկական հարաբերությունների մեջ չեմ գտնվում, հայրս ՌԴ-ում խոշոր գործարար չէ․ Արման Կուրեխյանը՝ իր՝ դատարանի նախագահ ընտրվելու մասին
- Սա աննախադեպ երևույթ է, որ դատավորը այսպիսի մեթոդի կիրառմամբ արտահայտում է իր վերաբերմունքը միջանձնային հարաբերությունների վերաբերյալ․ ԲԴԽ անդամ