Մասնագիտությամբ բանասեր, նախկինում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ ներկայումս օրենսդիրի անդամ Շուշան Սարդարյանը 6-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավոր է ընտրվել՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով: «Կանայք օրենսդիրում» շարքի շրջանակում Իրավաբան.net-ին նա պատմել է օրենսդիրում ծավալած իր գործունեության, աղջիկների, Կարեն Կարապետյանի հետ ծանոթության և իր նախասիրությունների մասին:
-2016-2017 թվականներին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն եք եղել: Ինչպե՞ս որոշվեց Ձեր տեղափոխությունը օրենսդիր մարմին:
-Մինչև մասնակցելը համապետական ընտրություններին իմ կուսակցության հետ ես երկար ճանապարհ եմ անցել: Ինչ վերաբերում է խորհրդարան անցնելու որոշմանը, ապա դա ևս Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի որոշումն էր և եթե որոշվեց, որ ես որոշակի առաքելություն ունեմ Ազգային ժողովում, ապա ես պատրաստ եմ ամենայն պատասխանատվությամբ ու պարտավորվածությամբ այդ առաքելությունը ստանձնել և կյանքի կոչել:
-2001-2017 թվականներին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության պետն եք եղել, աշխատել եք Կարեն Կարապետյանի հետ: 2010-2013 թվականներին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն եք եղել, երբ քաղաքապետ էր Կարեն Կարպետյանը: Իսկ երբ 2016-ին նա դարձավ վարչապետ, Դուք նշանակվեցիք նրա խորհրդականը: Ինչպե՞ս եք ծանոթացել նրա հետ:
-Կարեն Կարապետյանի հետ աշխատել եմ երկար տարիներ` 2001 թվականից սկսած, երբ ես աշխատանքի անցա «ՀայՌուսգազարդ» ընկերությունում: Երկար տարիների համատեղ աշխատանքը իր ազդեցությունն ունեցել է ինձ վրա՝ աշխարհաճանաչողության և աշխատանքի կազմակերպման հմտությունների ձեռքբերելու առումով: Կարեն Կարապետյանի հետ անցած իմ ճանապարհը շուրջ 16 տարվա պատմություն ունի:
-Ինչպիսի՞ ղեկավար, ինչպիսի՞ մարդ է նա:
-Սկզբունքային, բարեկիրթ ու խստապահանջ, ամենակարևորը՝ մոտիվացնող, բառիս բուն իմաստով։ Անմիջական՝ մարդկային շփումներում, հաստատակամ ու նպատակասլաց՝ ձեռնարկած նախագծերում, մանավանդ, եթե դրանք համարձակ են ու դրական իմաստով ամբիցիոզ: Երկու բառով դժվար է ներկայացնել տարիների տպավորությունը: Իրականում նա բավականին անմիջական, բավականին մարդկային անձնավորություն է:
Միայն այն փաստը որ նա հաճախ էր որոշում կայացնելու հնարավորությունը թողնում ինձ վրա՝ իմ աշխատանքի շրջանակում ի նկատի ունեմ, ապա դա և քեզ տրված ազատության աստիճան էր, և միաժամանակ պատասխանատվության մեծ բեռ՝ քայլերը ճիշտ հաշվարկելու համար, ինչն անխոս ուներ իր դրական իմպուլսները:
-Ինչո՞վ էր տարբերվում Կարեն Կարապետյանը «Գազպրոմ Արմենիա»-ում, քաղքապետարանում և գործադիրում: Նրա մեջ ինչ-որ փոփոխություններ եղե՞լ են։
-Որպես մարդ՝ երբեք: Սակայն որպես պաշտոնյա՝ բնականաբար: Եվ զբաղվածության առումով, և որոշումների կայացման առումով և շատ այլ հարցերում:
-Վերջերս ՀՀ-ի և ԵՄ-ի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց: Ձեր կարծիքով հեռո՞ւ է այն ժամանակը, երբ կկնքվի Հայաստանի՝ Եվրոպական միությանն ասոցացման պայմանագիրը:
-Հայաստանն իրականացնում է առաջընթացին ուղղված արտաքին քաղաքականություն, և միջազգային հարաբերություններում մեր երկրի ներգրավվածության բանաձևը գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, ինչու ոչ նաև աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։ Այո, վերջերս կնքվեց ՀՀ-ի և ԵՄ-ի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը հարաբերությունների ընդլայնման նոր հնարավորություններ է ուղենշում և հիմք ստեղծում համագործակցության այլ ծրագրերի համար: Ինչ վերաբերում է Ասոցացման պայմանագրին՝ ապա ժամանակը ցույց կտա:
-Նշածս երեք պետական մարմիններում, իսկ 1998-2001 թվականներին նաև նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար եք աշխատել: Շատ լրագրողներ նշում են, որ Դուք, որպես մամուլի խոսնակ անփոխարինելի եք եղել:
-Շնորհակալ եմ իմ գործընկերներից, որ նման կարծիք են արտահայտել: Ես կարծում եմ՝ շփումն է պատճառը, անմիջական շփումը: PR մասնագետները ցանկության դեպքում կարող են իսկապես իրավիճակ փոխել՝ հանրության հետ կապեր ստեղծելու առումով: Եվ իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ PR ոլորտի մասնագետների համար առաջին հերթին պետք է ճիշտ հարաբերություններ կառուցել գործընկեր կառույցների հետ: Ոչ միայն ասող, այլ նաև լսող լինել:
-Տիկին Սարդարյան, Ազգային ժողովում Ձեր ելույթներից մեկի ժամանակ նշել եք, որ «Արտադրված է Հայատանում» ազգային ապրանքանիշը արտասահանում արտադրված իրերին չի զիջում: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ հայկական արտադրանքը ունի նույն որակը, ինչ եվրոպական երկրներում արտադրվածը:
-Իմ հիմնական ուղերձը այն էր, որ «Արտադրված է Հայաստանում» ազգային ապրանքանիշը դառնա ազգային ծրագիր: Եթե մենք այդ ծրագիրը դիտարկենք բոլոր կողմերից, ապա պետք է նշենք, որ այն ենթադրում է նոր աշխատատեղեր և տնտեսության աճ: Մենք ունենք ոչ միայն ներքին շուկայում մեր արտադրանքը սպառելու պոտենցիալ, այլ նաև արտահանելու այլ երկրներ: Մենք այսօր մեծ հնարավորություններ ունենք ինտեգրացիոն շուկա դուրս գալու: Դա և ԵՏՄ շուկաներն են, և Եվրոմիության շուկաները: Մենք շատ հետաքրքիր վիճակագրություն ունենք ներկայումս: Այսօր արտաքին շուկաներում մենք միայն հայկական կոնյակով ու ծխախոտով չենք հայտնի: Կան մի շարք ոչ ավանդական ապրանքնատեսակներ, այդ թվում՝ շոկոլադ, դեղորայք, տեքստիլ, որոնք մեծ պահանջարկ ունեն արտաքին շուկայում: Այստեղ պետք է պետական քաղաքականության ուղղորդվածություն, որպեսզի մենք կարողանանք ռեալիզացնել մեր ամբողջ պոտենցիալը:
-Իսկ Դուք հայկական արտադրության ի՞նչ իրեր եք օգտագործում:
-Տիգրան Մեծի փողոցում կա «Արտադրված է Հայաստանում» մի շատ լավ խանութ, և ես հաճույքով եմ օգտվում այդ խանութից: Դրանք տեքստիլ արտադրանքներն են հիմնականում: Իսկ ինչ վերաբերում է սննդամթերքին, ապա անխոս օգտագործում եմ միայն թարմը, օգանիկը և հայկականը:
-Երկու աղջիկ ունեք, տիկին Սարդարյան: Ինչո՞վ են նրանք զբաղվում:
-Մեծ աղջիկս՝ Մարիամը, միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել՝ դիվանագետի որակավորմամբ, իսկ փոքր աղջիկս՝ Նաիրուհին, տնտեսագետ է: Աշխատում են իրենց մասնագիտությամբ:
-Շատ հետաքրքիր անուն է «Նաիրուհին»:
-Այո: Իմ սիրելի Տերյանի բանաստեղծությունից եմ ընդգծել՝ դեռ ուսանողական տարիներին և որոշել էի, որ եթե աղջիկ ունենամ, ապա անունն անպայման Նաիրուհի կդնեմ:
Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց,
Նաիրուհին տխուրաչյա և համեստ,
Այնպես վառ Էր լեռնադստեր դեմքը բաց,
Նայվածքն այնպես հրեղեն ու անարվեստ…
-Ի՞նչն է աշխատանքից դուրս Ձեզ գրավում, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:
-Ես մի այսպիսի նախասիրություն ունեմ, որը անկախ ժամանակից, անկախ զբաղվածությունից միշտ ժամանակ գտնում եմ դրա համար: Ես ունեմ մի շատ գեղեցիկ պարտեզ, որն ինձ համար աշխարհ է, որտեղ ես ամփոփվում եմ, որտեղ ես ինքս ինձ հետ եմ, ներդաշնակ եմ ու համերաշխ: Բոլոր բույսերի բնավորությունը, բնույթը, պահանջներն ու ցանկությունները ես արդեն յուրացրել եմ: Բույսեր կան, որոնց տարածություն, արև է պետք, կան բույսեր, որոնք մյուսների հաշվին են ապրում, կան բույսեր, որոնք ստվեր են սիրում: Բույսեր էլ կան, որ ինչքան ուզում ես նրանց խնամիր, ուշադրություն դարձրու, միևնույն է՝ քո սպասելիքները չեն արդարացնում:
Հարցազրույցը` Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Նախագծի մտահաղացման հեղինակ` Կարեն Զադոյան
Կարդացեք նաև՝
- Պաշտոնը տվել է ինձ փոփոխություններ կատարելու հնարավորություն․ Լենա Նազարյան
- Իմ օրինակը, վստահ եմ, վարակիչ է լինելու. Մանե Թանդիլյան
- Մարդը պետք է զգա, որ ապրում է օրենքի երկրում և պաշտպանված է. Իվետա Տոնոյան
- Եկել եմ ծառայելու մեր ժողովրդին, պետությանը. Կարինե Պողոսյան
- Միայն հարուստներից և աղքատներից բաղկացած երկիրը ապագա չունի.Լուիզա Սարգսյան
- Երբ մենք միահամուռ պայքարենք՝ կհասնենք արդյունքի. Շաքե Իսայան
- «Ես զգացմունքային մարդ եմ, բայց կոնֆլիկտային չեմ». Կարինե Աճեմյան
- Որքան զբաղված է կինը, այդքան ճիշտ է պլանավորում իր ժամանակը. Ջեմմա Բաղդասարյան