«Կանայք՝ օրենսդիրում» շարքի շրջանակներում Iravaban.net-ը զրուցել է 9-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանի հետ։
-1994 թվականից ընդգրկված եք եղել ասորական շարժման մեջ, բավականին ակտիվ եք ազգային փոքրամասնությունների՝ նաև նրանց իրավունքների պաշտպանության հարցում։ Ձեր արմատները որևէ կերպ կապվու՞մ են ասորիների հետ։
-Ես ասորի եմ, և՛ հայրս, և՛ մայրս ասորի են։ Մայրս Ուկրաինայի ասորի էր, հայրս՝ Դիմիտրով գյուղից, բայց երբ ամուսնացել են, Երևան են տեղափոխվել․ ես այստեղ եմ ծնվել։
-Ի՞նչ եք կարծում՝ ներկայումս ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվա՞ծ են, և ի՞նչ քայլեր կան, որ պետք է արվեն, բայց չեն արվում։
-Երբ Հայաստանը անկախացավ, ասում էին՝ սա հայերի տարածքն է, այստեղ այլ ազգեր չպետք է ապրեն։ Ըստ սովորույթի՝ եթե հետապնդում են ասորիներին, նրանք միանգամից գնում են՝ իրար ձայն տալով, ու ես գիտեմ, որ, երբ Բաքվի ջարդերը եղան, ասորիները գնացին։
Այնպես չի, որ Հայաստանում՝ փողոցում ասորի տեսնեն, կմորթեն, սակայն կա խտրական մոտեցում։ Դիմիտրով գյուղում այս պահին կա կոնֆլիկտային հարց․ տեղային հեղինակություն ունեցող անձը որոշեց, որ ինքը կարող է ասորական եկեղեցին վերցնել, դարձնել հայկական՝ ինչ-որ օբյեկտ օգտագործելու։ Չէին սպասում, որ ասորիները աղմուկ կբարձրացնեն, որովհետև մի երկու անգամ լսել եմ, թե՝ ասորիները ով են, որ ձայն հանեն։
-Ասորիները ազգ են, որոնք չունեն պետություն, Հայաստանը այսօր կանգնա՞ծ է նման վտանգի առջև։
-Այո, ցավոք։ Այն ժամանակ հայերի կողմից լսել եմ արտահայտություն, որ չենք ուզում ասորիների բախտին արժանանաք։ Սակայն հիմա վտանգված է Հայաստանի լինելը։ Որոշ մարդիկ ասում են, որ անկախ է, սուվերեն է, բայց ես այդպես չեմ կարծում, որովհետև երևում է, որ հարևան երկրից ինչ ասվում է, դա էլ կատարվում է։ Ես չեմ հասկանում՝ ոնց կարելի է լինել հայ, բայց Հայաստանի տարածքները զիջել։ Ես իմ ասորի հալով չէի զիջի Հայաստանի տարածքը։
-Խոսեցիք տարածքներ հանձնելուց, ինքնիշխանության կորստի մասին, այս պայմաններում ինչո՞ւ ընդդիմությունը չունի ակտիվ մասնակցություն Տավուշում ընթացող իրադարձություններին։
-Ես չէի ասի, որ չունի, լավ էլ ունի։ Մի քանի պատգամավոր այնտեղ են, հատկապես Գառնիկ Դանիելյանը, որ ծագումով այնտեղից է։ Շատ ակտիվ աշխատում են, սակայն ցավը նրանում է, որ ընդդիմության ձայները, որը որպես գործիք է հանդիսանում, որ կարողանան կանխել ինչ-որ քայլեր, ձայների քանակը չի բավարարում, համարում եմ, որ դա ժողովրդի մեղավորությունն է։ Ընդհանրապես համաձայն չեմ, որ ընդդիմությունը քայլեր չի անում։ Կարող է՝ տեսանելի չի։ Ամենը ինչ-որ արվում է, դա PR-ի համար չի արվում, այլ արվում է իրականում ինչ-որ հարցեր լուծելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Անտոնյան