«Կանայք՝ օրենսդիրում» շարքի շրջանակներում Իրավաբան.net-ը զրուցել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։
Պատգամավորի հետ խոսել ենք Սյունիքում տիրող տրամադրությունների, սահմանային անվտանգության և արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
-Տիկին Գրիգորյան, դուք ծնունդով Կապանից եք։ Կասե՞ք, թե այժմ ինչ տրամադրություններ են Սյունիքում։ Ի՞նչ փոփոխություններ են եղել 6-7 ամսվա ընթացքում։
-Կարծում եմ՝ ամենաշատը սյունեցիներն են, որ իրենց մաշկի վրա զգում են պատերազմի հետևանքները։ Կապանի օդանավակայանից ընդամենը 100-200 մետր հեռավորության վրա կանգնած են ադրբեջանցիները։ Այն ամբողջությամբ վերակառուցվել էր ու պատրաստ էր գործարկման, բայց այս պահին չի աշխատում, քանի որ մենք չգիտենք՝ ադրբեջանցիների առկայության դեպքում հնարավոր կլինի՞ նորմալ թռիչքներ իրականացնել։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ Կապան-Ճակատեն հատվածը ադրբեջանցիների նշանառության տակ է, և եթե նրանք որոշեն փակել ճանապարհը, ապա մարդիկ մնալու են վակուումի մեջ, նրանց տեղահանման հնարավորություն տրված չի լինելու։
Մենք գիտենք, թե ինչ իրավիճակ է Շուռնուխում։ Ես ցավում եմ, որ մարդիկ մեր երկրի այլ հատվածներում ապրելով՝ մինչև վերջ չեն գիտակցում այս պատկերը։ Չի կարելի ասել, որ պատերազմն ավարտված է։ Այո, հրադադար է, բայց պատերազմը չի ավարտվել, քանի դեռ չկա հաշտության պայմանագիր։
-Ի՞նչ եք կարծում, 5 տարի հետո մեզ ինչ է սպասվում։ Ալիևը արդեն հայտարարել է, որ առանց խաղաղապահ ուժերի էլ իրավիճակը վերահսկվում է և միգուցե համաձայն չի լինի այդ ժամկետը երկարացնելուն։
-Ադրբեջանը չի համարում, որ իր խնդիրը մինչև վերջ լուծել է։ Նրանց համար հասկանալի է, որ նրանք Ստեփանակերտում չեն։ Այս պահին Ադրբեջանում էլ տարբեր մթնոլորտներ կան։ Նրանք չեն հասկանում, թե ինչու ադրբեջանցի զինվորը կանգնած չէ Ստեփանակերտում, և ինչու է այնտեղ կանգնած ռուս խաղաղապահը․ նույնը նաև Թուրքիան։ Տարածաշրջանում բոլոր «խաղացողները» այս պահին վերադասավորվում են։ ՀՀ-ին պետք է լայն կոնսոլիդացիա, բոլոր ուժերի ու ռեսուրսների մեկտեղում։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք ռազմավարական առումով շատ հեռուն չենք նայում։
-Վարչապետի վերջին այցը Սյունիք բուռն ընդունվեց բնակիչների մի մասի կողմից: Դուք ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցածի վերաբերյալ, քաղաքացիների նման արձագանքը տեղի՞ն էր:
-Դա ցասում էր, որը արտահայտվեց մեր ժողովրդի կողմից։ Մարդիկ, ովքեր կորցրել են իրենց տները, չգիտեն՝ ինչպիսին է լինելու իրենց ապագան, չգիտեն՝ «Մեղրիի միջանցք» լինելու է, թե չի լինելու։ Այս պարագայում բնակա՞ն չէր նման արձագանքը։ Ես կարծում եմ, որ առհասարակ, որևէ երկրի ղեկավարի, նախարարների, պատգամավորների, քաղաքացիների նկատմամբ հնչեցված նման արտահայտությունները անընդունելի են։ Սակայն կարելի է հասկանալ մարդկանց այն հոգեբանությունը, ովքեր վերապրել են ամբողջ պատերազմը և այն նրանց չի լքել։ Իրենց տան դիմաց է կանգնած ադրբեջանցին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից մի պատգամավոր այնպիսի արտահայտություն է արել, որ ես կարծում եմ՝ նա դրա հետևանքները պետք է կրի։ Խոսքս Հրաչյա Հակոբյանի մասին է, ով ասաց, որ նրանց ստորացնելով պետք է բերեն։ Ի՞նչ է նշանակում ստորացնելով, դու ո՞ւմ ես ներկայացնում, ՀՀ ժողովրդին ուզում ես ստորացնե՞ն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցազրույցը` Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները և մոնտաժը՝ Վահե Վարդանյանի