«Կանայք՝ օրենսդիրում» շարքի շրջանակներում Իրավաբան.net-ը զրուցել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հետ։
Պատգամավորի հետ խոսել ենք Արցախյան 2-րդ պատերազմի, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և կրթական ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների մասին։
-Տիկին Կոստանյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ եք, սակայն մինչև 2018 թվականը քաղաքականության մեջ ակտիվ չէիք։ Ո՞րն է պատճառը։
-2015-ին է հիմնադրվել ԼՀԿ-ն և կուսակցությանը միանալու իմ նախապայմաններից է եղել, որ ես կա՛մ պետք է լինեմ ակտիվ, կա՛մ հանդես գայի որպես պասիվ համակիր։ Նախնական շրջանում փորձառություն չունեի, միանգամից ագրեսիվ քաղաքականության զբաղվել չէի կարող։ 2017-ին փոքր փորձառություն ունեցա՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով, որը ինձ համար ազդակ էր։ Քանի որ 2018-ը եղավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարի, ես բաց չթողեցի այդ հնարավորությունը և հայտնվեցի խորհրդարանում։
-Լեզվաբան-մանկավարժ եք, բայց երբեք դպրոցում չեք աշխատել։ Ցանկություն չի եղե՞լ։
-Առաջին և վերջին փորձառությունս եղել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, մոտ 1 ամիս պրակտիկա ունեցա ու հասկացա՝ ուսուցիչ լինելը մասնագիտություն չէ, կոչում է։ Ես այդ կոչումը չունեի։ Ես ինձ չեմ բացահայտել որպես ուսուցիչ, չի բացառվում, որ ապագայում՝ միգուցե։
-Ուսուցչի մասնագիտությունը այսօր գնահատվա՞ծ է։
-Կարծում եմ՝ ոչ։ Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է նաև, որ ուսուցիչը բավարար չափով գնահատված չէ։ Բոլոր նախադրյալները կան և դրանք ոչ միայն գործող, այլ նաև ապագա իշխանությունների ձեռքին են՝ վերահաստատելու ուսուցչի ինստիտուտը և դերը։
-2020-ին հայտարարել էիք, որ կրթական համակարգը կոլապսի եզրին է կանգնած։ Հիմա էլ եք նույն կարծիքի՞ն։
-Իրականում՝ այո։ Լուրջ դրական փոփոխություններ, առայժմ, չեմ տեսնում։ Այն բոլոր ռեֆորմները, որոնք իշխանությունները խոստացել էին կամ մասնակի են արվում, կամ հատվածական ու կիսատ-պռատ են արվում։ Մենք պետք է ուշադիր լինենք բոլոր խոստումների հանդեպ։ Վերամբարձ խոսքերով խոստումներ են տրվում, որից հետո կանգնում են փաստի առաջ, թե ինչպես պետք է դրանք իրականցվեն։ Պետք է թեկուզ փոքր քայլերով, բայց կարևոր փոփոխություններ կատարենք։ Առաջին փոփոխությունը հենց կրթական համակարգում պետք է լինի։
-Խոսենք նաև Արցախյան երկրորդ պատերազմի մասին։ Տիկին Կոստանյան, ինչպե՞ս եք իմացել նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, ո՞ւմից։
-Շատ լավ եմ հիշում և յուրաքանչյուր անգամ այդ մասին հիշելիս մարմնովս սարսուռ է անցնում, որովհետև այդ գիշեր չեմ քնել և դեպքերի վայրերում եմ եղել՝ Կառավարության և Ազգային ժողովի տարածքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարցազրույցը` Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները և մոնտաժը՝ Վահե Վարդանյանի