ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Դուշանբեում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 51-րդ և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 81-րդ նիստերին։ Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 22 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես` մաքսային որոշ ընթացակարգերով ապրանքների ձևակերպման առանձնահատկություններին, առանց բացթողնման փաստը հավաստող փաստաթղթերի առկայության ապրանքների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում հայտնաբերված ապօրինի տնտեսական շրջանառության մեջ գտնվող, մաքսային հսկողության ենթակա ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային վարչարարությանը, ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների միջոցով ստացված էտալոնային լուսանկարների ընդհանուր պահոցի ձևավորմանը, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգմանն առնչվող մի շարք հարցերին։ Իսկ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 16 որոշում, որոնք առնչվում են էլեկտրոնային և ներքին այրման շարժիչով հագեցած թեթև մարդատար ավտոմեքենաների նույնականացման առանձնահատկություններին, որոշակի տեսակի ապրանքների դասակարգմանը, ինչպես նաև մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարաների կոմիտեի գործունեությանը։ Նիստի ընթացքում մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից ստորագրվել է նաև «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների՝ մաքսային նպատակներով փորձաքննությունների և հետազոտությունների կենտրոնի մասին» համաձայնագիրը։

 Որոշում է կայացվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 52- րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում, 2025 թվականի չորրորդ եռամսյակում, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 82-րդ նիստը՝ Ղազախստանի Հանրապետությունում, 2026 թվականի երկրորդ կիսամյակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել