Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Վարդանյանը։
Վարդանյանի խոսքով՝ գործը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարին արձանագրված միջադեպի շարունակությունն է։
«Քաղաքական որևէ էլեմենտ չկա դեպքի շրջանակներում։ Ընդհանուր դեպքը միջանձնային հարաբերությունների հետևանք է»,- ընդգծել է նա՝ հերքելով տարածված պնդումները, թե այն կարող է դիտվել որպես քաղաքական պատվեր։
Լրագրողների հարցին, թե ով է բերման ենթարկված անձը և ինչ քննչական գործողություններ են իրականացվում, Վարդանյանը պատասխանել է՝ պաշտոնապես առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ ավելի մանրամասն դեպքի մասին։
«Քննչական գործողությունները շարունակվում են»,- հավելել է նա։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ առայժմ նոր տեղեկություն չունեն հաղորդելու։
«Միջոցառումները շարունակվում են»,- ասել է նա՝ արձագանքելով մամուլում տարածված լուրերին։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նա փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։
Վերջինս Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է։
Սեպտեմբերի 24-ին Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արթուր Գալստյանը։