Եկել եմ ծառայելու մեր ժողովրդին, պետությանը. Կարինե Պողոսյան

Կարինե Պողոսյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնել է դեռևս 2012 թվականից: Եղել է ՀՀԿ խմբակցության անդամ և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը: 2017-ին նա պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համապետական ընտրացուցակով:

Ֆիզիկոս, մանկավարժ, «Լավագույն տնօրեն» պատվոգրով, «Պարույր Սեւակ» հուշամեդալով և «Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրված Կարինե Պողոսյանի հետ զրուցել ենք «Կանայք օրենսդիրում» շարքի շրջանակում:

-Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն էիք, մասնագիտությամբ մանկավարժ եք: Ցանկություն լինո՞ւմ է նորից վերադառնալ մանկավարժական գործունեությանը:

Մանկավարժի կոչումը միշտ էլ ինձ ավելի հոգեհարազատ է եղել: Դպրոցը թողնելուց հետո շատ էի կարոտում աշխատանքս, աշակերտներիս, բայց այնպես չէ, որ կապը ամբողջությամբ կտրված է: Կվերադառնամ, թե ոչ, դա ժամանակը ցույց կտա: Ոչինչ չեմ բացառում:

-Իսկ հե՞շտ էր դպրոցի և Ազգային ժողովի միջև ընտրություն կատարել:

-Ազգային ժողովում մանկավարժները պետք են, հատկապես հանրակրթության մասին հարցերի քննարկման ժամանակ: Բացի դրանից, երբ ես նախորդ նստաշրջանում պատգամավոր ընտրվեցի, ես դեռ մոտ մեկ տարի շարունակում էի դասավանդել, բայց ժամանակի սղության պատճառով ստիպված եղա թողնել դպրոցը: Ընտրությունը այդքան էլ հեշտ չէր, բայց դժվարություններն էլ են մարդու համար, հարմարվեցի:

-Աշակերտների, դպրոցի հետ կապը պահպանվե՞լ է:

-Իհարկե, պահպանվել է: Իմ պատգամավորական գործունեության իրականացման մեջ ինձ հենց իմ նախկին աշակերտուհին էլ օգնում է, Սաթենիկը: Իմ աշխատած երկու դպրոցների աշակերտների հետ էլ անկեղծ, հավատարիմ շփումներ և հանդիպումներ լինում են և շատ հաճախակի: Նրանցից շատերն արդեն երեխաներ ունեն, արդեն իրենց երեխաներն են դպրոց հաճախում:

-Ինչը՞ կամ ո՞վ ՁԵզ բերեց քաղաքականություն:

-Ես վաղուց զբաղվում էի քաղաքականությամբ, բայց ուրիշ ֆորմատով: Իմ մարզում՝ Արարատում ՀՀԿ կառույցի ղեկավարն եմ եղել: Մենք այնտեղ նստում էինք, կաբինետ ունեինք ու հասանելի էինք յուրաքանչյուր բնակչի համար: Մեր ընտրողները խնդիրներ ունենալու դեպքում դիմում էին մեզ, ընդունելության օրեր ունեինք և փորձում էինք նրանց բոլոր պրոբլեմները լուծել:

-Նախկինում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ էիք, իսկ հիմա «Ծառուկյան» դաշինքի կազմում եք:  Ի՞նչ դժվարությունների հանդիպեցինք այլ թիմում ընդգրկվելուց հետո:

-Էական տարբերություն չկա: Որտեղ աշխատանք կա, այնտեղ պահանջներն էլ են նույնը: Փոքր դժվարություններ, իհարկե, կային, բայց ոչ անհաղթահարելի: Բոլորս էլ պահպանողական ենք, բոլորս էլ ժողովրդավարական երկրի ներկայացուցիչներ ենք, և փորձում ենք այնպես անել, այնպես իրագործել մեր ծրագրերը, որպեսզի, իրոք, օգտակար լինենք մեր պետության համար: Ամեն ինչ անում ենք՝ ժողովրդի ու պետության շահերի  մասին մտածելով: Ամեն ինչ արվում է ժողովրդի համար:

-Ո՞րն է Ձեր պատգամավոր դառնալու նպատակը:

-Դա իմ աշխատաքն է: Եկել եմ ծառայելու մեր ժողովրդին, պետությանը, եկել եմ իմ գործունեությամբ օգտակար լինելու համար:

-Ձեր կարծիքով՝ Դուք որպես պատգամավոր ինչպե՞ս եք ընկալվում ընտրողների կողմից:

-Նախորդ ընտրություններին, երբ ես ՀՀԿ-ի ցուցակով էի մասնակցում ընտրություններին հավաքել եմ 28.000 ձայն: Դա, ինձ թվում է, ինչ-որ բանի մասին խոսում է: Ընտրողների կողմից ընկալվում եմ նույն ձևով, ինչպես նախորդ անգամ: Հանդիպում եմ նրանց հետ յուրաքանչյուր առիթի դեպքում, աջակցում ենք նրանց, օգնություն ենք ցուցաբերում: Հասանելի ենք նրանց համար և եթե որևէ մեկի  մոտ հարց է առաջանում, մենք միշտ պատրաստ ենք պատասխանել, այդ հարցերին սպառիչ պատասխան տալ:

-Ո՞ր օրենսդրական նախագծերի համահեղինակն եք:

Շատ օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ եմ եղել դեռ նախորդ նստաշրջանի ժամանակ: Կրթական որակի, կրթության բարելավման հետ կապված մի քանի փոփոխություններ են արվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում: Մասնակցել եմ  «Պետական տույժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքում կատարված փոփոխություններին եմ մասնակցել և էլի շատ-շատ օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ են:

-Նշեցիք, որ Ձեր կուսակցությունը պահպանողական է: ԱԺ է բերվել ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին նոր օրինագիծը և շատ ընդդիմախոսներ կարծում են, որ նախագիծը սպառնում է հայկական ավանդական ընտանիքի պահպանմանը: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Օրինագծում շտկումների կարիք դեռ շատ կա: Հարցին կարելի է այլ կոնտեքստով մոտենալ, բայց եթե քննարկվում է այսօր, մենք էլ մասնակցում ենք ակտիվ քննարկումներին, մեր առաջարկություններն ենք անում և երկրորդ ընթերցման ընթացքում դեռ շատ փոփոխություններ կլինեն նախագծում: Ես լսել եմ ընդդիմախոսների և չեմ կարծում՝ նախագիծը այդքան խորը արմատներ ունի, որ կարողանա ընտանիքի հիմքերը թուլացնել կամ, ինչպես ասում են,  երեխային ընտանիքից խլել:

-Ինչպե՞ս է վերաբերվում ընտանիքը Ձեր աշխատանքին:

-Իմ ընտանիքը շատ լավ է վերաբերվել, քանի որ իմ քաղաքական գործունեությունը նրանց համար նորություն չի եղել:

-Իսկ ազատ ժամանակ ունենալու դեպքում ինչո՞վ եք զբաղվում:  

-Ազատ ժամանակ ունենում եմ, բայց շատ էլ չի լինում: Այդ ժամանակը օգտագործում եմ հարազատների, բարեկամների հետ շփվելով, հյուր գնալով, հյուր ընդունելով, ինչպես ցանկացած հայ օջախի մայր: Ես հասցում եմ և խոհանոցում շատ ակտիվ լինել՝ համեղ ուտեստներ պատրաստելով, և խորհրդարանում իմ ներկայությամբ, ներգրավվածությամբ օգուտ տալ: Մենք հասցնում ենք, համատեղում ենք, մեկը մյուսին չի խանգարում, այլ լրացնում է:

-Ի՞նչ ուտեստներ եք սիրում պատրաստել:

Իմ ընտանիքը հայկական ավանդական խոհանոցը շատ է սիրում: Տոլմա եմ պատրաստում, տարբեր աղցաններ, խմորեղեններ: Ու շատ համեղ է ստացվում, ի դեպ:

 

Հարցազրույցը` Եվգենյա Համբարձումյանի

Լուսանկարները՝  Ալիսա Չիլինգարյանի

Նախագծի մտահաղացման հեղինակ` Կարեն Զադոյան 

Կարդացեք նաև՝ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել