Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բրյուսելում սեպտեմբերի 24-26-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2025 թվականի Առաջնորդության ֆորումին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՄԻՊ-ից։
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 30 երկիր ներկայացնող Մարդու իրավունքների պաշտպաններ և ՄԻՊ հաստատությունների ներկայացուցիչներ: Քննարկումների օրակարգում ընդգրկվել են մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հավատարմագրում, ազգային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործում, մարդու իրավունքների ազգային հաստատություններին ուղղված սպառնալիքների դեմ պայքար և այլն։
Ֆորումի շրջանակում Անահիտ Մանասյանը որպես մոդերատոր է հանդես եկել մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար ճգնաժամերին պատրաստվածության և կայունության ամրապնդման թեմային նվիրված քննարկմանը:
Մասնակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների կայունության, արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետության բարձրացման հարցերին, ինչպես նաև կիսվել են իրենց փորձառությամբ:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի ՄԻՊ հաստատության փորձառությունը արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերում, մարդու իրավունքների ընկալմանն առնչվող և ոլորտում առկա խնդիրները, ՄԻՊ հաստատության մարտահրավերները, որոնք ընդհանուր են մի շարք այլ հաստատությունների համար, դրանք հաղթահարելու կառուցակարգերը: