Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

9000 ԱՄՆ դոլարը տուժողի համար էական տարբերություն չէ. «Բուրգի գործ»

«Ֆինանսական բուրգի» գործով այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց տուժողներից Արտյոմ Շախբազյանը, ով ամբաստանյալ Ա․ Ա․-ի տարադրամի փոխանակման կետում ի պահ է դրել տասնյակ հազար դոլարների հասնող գումար:

Նրա խոսքերով` ամբաստանյալ Ա․ Ա․-ն իրեն պարտք է 121 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար. «Ի սկզբանե մայր գումարը եղել է 79 հազար դոլար, բայց տոկոսներով դարձել է 121 հազար»,- նշեց տուժողը: Մեղադրող դատախազի այն դիտարկմանը, որ նախաքննության ընթացքում նա հայտնել է, թե մայր գումարը ոչ թե 79 հազար ԱՄՆ դոլար էր, այլ 70 հազար, տուժողը պատասխանեց. «Քննիչը իրա հաշվարկով ասեց` միգուցե 70 հազար դոլար է, համաձայնվեցի, որովհետև իմ համար էական տարբերություն չի կազմում դա, բայց հիմա հաշվարկը, որ արել եմ ստացել եմ 79 հազար դոլար»:

Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց միայն այս տուժողը, մեղադրող դատախազը, ամբաստանյալի ու տուժողների պաշտպանները նրանից փորձում էին պարզել, թե ինչի արդյունքում է պարտքը ավելացել` դառնալով 121 հազար դոլար: Տուժողը բացատրեց, որ բացի տոկոսային գումարներից Ա․ Ա․-ին նաև տվել է հավելյալ գումարներ:

Հիշեցնենք` Ա․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց դատավորի զբաղվածության պատճառով: Այն նշանակվեց հոկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել