Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Երևանի նախկին ոստիկանապետի որդին վիրավորվել է քննիչի հարցից և նա պատմել է 8 մլն ԱՄՆ դոլարի բիզնես վարկերի մասին

«Ֆինանսական բուրգ»-ի գործով այսօր` նոյեմբերի 4-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց վկաներից երկուսի` Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի ու նրա որդու՝ Արմեն Նազարյանի նախաքննական ցուցմունքները: Դատարանը տեղեկացրեց, որ նրանք Հայաստանում չեն գտնվում:

Արմեն Նազարյանը հարցաքննվել է 2012թ. հուլիս ամսին: Ցուցմունքից պարզ դարձավ, որ նա շուրջ 5 տարի զբաղվել է բիզնեսով և իր կողմից հիմնադրած երեք ընկերությունների սեփականատեր է: Նա քննիչին հայտնել է, որ Ա․ Ա․-ին երբեք գումար չի տվել. «Նրան երբեք գումար չեմ տվել ու չեմ վերցրել, տոկոսի մասին խոսակցությունն ինձ իրոք վիրավորում է, քանի որ ես մեծ, և ինչու ոչ` հաջողակ բիզնեսմեն եմ և ոչ թե վաշխառու»,- նշված է Արմեն Նազարյանի ցուցմունքում:

Նա նաև հաղորդել է, որ Ա․ Ա․-ի ֆինանսական վիճակից բացարձակապես տեղյակ չի եղել և ոչ էլ հետաքրքրվել է դրանով: Այս հարցը նրան անհանգստացրել է միայն այն ժամանակ, երբ գործով սկսվել է շրջանառվել իր և իր հոր անունը: 2012-ին տրված ցուցմունքում Արմեն Նազարյանը հերքելով այն կասկածը, որ նրանից Ա․ Ա․-ը տոկոսով գումար է վերցրել` բերել է հետևյալ օրինակը. «Ցանկանում եմ նշել, որ ես և իմ կազմակերպությունը հենց այս պահին` «Ամերիա», «Առեքսիմ» և «Պրոմեթեյ» բանկերից ընդհանուր առումով ունեմ վերցրած մոտ 8 մլն դոլարի ԱՄՆ դոլարի բիզնես վարկեր` տարեկան միջինը 11 տեկոսով: Եթե ես պարապ գումարներ ունենայի, ապա դրանով կփակեի իմ տոկոսները»,- ասել է նա:

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի նախաքննական ցուցմունքից պարզ դարձավ, որ նա Ա․ Ա․-ին չի ճանաչում, դեմքով չգիտի, և ամբաստանյալն առնչություն չի ունեցել «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի փոխանակման կետերի հետ, որտեղ մասնաբաժին ունի իր որդին` Արմեն Նազարյանը:

Քննիչը հետաքրքրվել է, թե ինչպես կբացատրի Ա․ Ա․-ի այն ցուցմունքը, որ նա Արմեն Նազարյանից 120 հազար ԱՄՆ դոլարի գումար է վերցրել` տոկոսային պարտավորություններով, Ներսիկ Նազարյանը շեշտել է, որ այդ ամենը սուտ են:

Ի դեպ, դատարանում հարցաքննելու նպատակով ծանուցում է ուղարկվել նաև Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին և նրա որդուն, նրանք չէին ժամանել նիստին: Դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց կրկին ծանուցել այս անձանց, իսկ մի քանի այլ վկաների բերման ենթարկել:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել