Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ես պարտք վերցրել եմ, բայց ոչ մեկին չեմ խաբել. ամբաստանյալ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Ֆինանսական բուրգի» գործով նիստի ժամանակ ներկայացվեց ամբաստանյալ Ա․Ա-ին միջգերատեսչական բժշկական փորձաքննության ենթարկելու արդյունքները:

Ըստ դրանց` ամբաստանյալը կարիք չունի ստացիոնար բուժման և կարող է գտնվել անազատության մեջ` անհրաժեշտության դեպքում ստանալով բուժօգնություն:

Պաշտպան Մնացական Սարգսյանը նշեց, որ փորձաքննության արդյունքներն ուսումնասիրելուց հետո հնարավոր է կրկնակի փորձաքննության միջնորդություն ներկայացնի. «Իմ պաշտպանյալին ընդամենը հինգ րոպե են հետազոտել, մի քանի հարց են տվել»:

Փորձաքննության արդյունքները ներկայացնելուց հետո պաշտպանը միջնորդություն ներկայացրեց գործում առկա ձայնագրությունների վերծանումների արձանագրություններն անթույատրելի ապացույցներ ճանաչել` հիմնավորմամբ, թե դրանք ձեռք են բերվել օրենքի խախտմամբ:

Անդրադառանալով ներկայացված միջնորդությանը` մեղադրող Արթուր Երիցյանը նշեց, որ նման միջնորդությունն այս փուլում օրենքով նախատեսված չէ, քանի որ ապացույցները հետազոտված չեն. «Կարծում եմ միջնորդության քննարկումը պետք է հետաձգվի»:

Նույն տեսակետն արտահայտեցին նաև տուժողները: Կողմերի կարծիքը հաշվի առնելով` դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը:

Այնուհետև դատախազը հրապարակվեց մեղադրական եզրակացությունը: Ըստ եզրափակիչ մասի` Ա․Ա-ը մեղադրվում է այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Մեղադրանքն առաջադրվել է 178-րդ հոդվածի 3- րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ամբաստանյալ Ա․Ա-նն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց. «Ես մեղավոր չեմ: Համաձայն չեմ առաջադրված մեղադրանքի հետ: Ես պարտք վերցրել եմ, բայց ոչ մեկին չեմ խաբել»:

Այս պահին դատարանը հարցաքննում է գործով տուժողներին:

Արև Ավագյան
Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել