«Արտակ Գալստյանը երբեք չի տուժում, իր ասելով, նա միշտ արդարացված է դուրս գալիս և անպատիժ մնում» ,- այսօր «Ֆինանսական բուրգի» գործով միակ ամբաստանյալ Ա․ Ա․-ը, խոսելով տուժողներից Արտակ Գալստյանի մասին, Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նման հայտարարությամբ է հանդես եկել:
Ամբաստանյալը մեղադրել է տուժողին՝ իր վստահությունը չարաշահելու և գումարաներ հափշտակելու համար: Անդրեասյանի խոսքերով, ինքը 680.000 ԱՄՆ դոլար է պարտք Գալստյանին, մինչդեռ վերջինս խոսում է 720.000 ԱՄՆ դոլարի մասին. «Արտակը ինձ առաջարկել է տոկոսով գումար՝ իրեն շահավետ պայմաններով, ես համաձայնել եմ, երբ եկավ մի պահ, որ չէի կարողանում գումարը վճարել, նա գնացել ու խլել է ինձնից հանքս»,- դատարանում ասաց ամբաստանյալը:
Նշենք, որ ամբաստանյալ Ա․ Ա․-ի հայրը՝ Վասիլի Անդրեսյանը, եղել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում հանքամասի բաժնետոմսերի սեփականատերը: Ըստ Ա․ Ա․-ի՝ 2013 թվականի մարտ ամսին Արտակ Գալստյանը գնացել է հանքամաս, ապօրինաբար վերցրել է կառույցի կնիքը, որոշ փաստաթղթեր, կեղծել իր հոր ստորագրությունը. «Երբ խլեց հանքը, այնտեղ կային արդեն կնքված եկամտաբեր պայմանագրեր, որոնք ինքը հետո ծախեց»,- նշեց ամբաստանյալը՝ հավելելով, որ իր հոր առողջական վիճակը դեպքերից հետո վատացել է, այժմ հա անկողնային հիվանդ է: Անդրեասյանը տուժողին նաև մեղադրեց Բաղրամյան պողոտա 77 շենքի՝ 91 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 8-րդ բնակարանը հափշտակելու մեջ:
Ա․ Ա․-ը դատարանում կարծիք հայտնեց, թե Արտակ Գալստյանը նախկինում եղել է դատապարված, բայց այժմ կարողանում է «խճճել իրավապահ մարմիններին, որպեսզի մաքուր դուրս գա»:
Նշենք, որ հերթական դատական նիստին տուժող Արտակ Գալստյանը ներկա չէր: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին քայլեր ձեռնարկել տուժողին դատարան կանչելու ուղղությամբ: Մեղադրողն առարկեց, դատարանը մերժեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին:
Հերմինե Վիրաբյան