Այսօր Երևանի Կնետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «ֆինանսական բուրգի» գործով ցուցմունք տվեց գործով տուժող Գևորգ Թադևոսյանը:
Նրա խոսքով՝ Ա․Ա-ի հետ ծանոթացել է գործով մյուս տուժող Արտակ Գալստյանի միջոցով. «Այդ ժամանակ նա ասաց, որ իրեն են պատկանում Մոսկվիչկա սուպերմակետների ցանցի տարադրամի փոխանակման երեք կետերը»:
Ըստ տուժողի՝ Անդրեասյանն իրեն առաջարկել է գումարը դնել իրեն պատկանող փոխանակման կետերում՝ 30 հազար դոլար, որի դիմաց ամսական կվճարի 600 դոլար. «Քանի որ Արտակի միջոցով էի ճանաչում, հարցրի Արտակին՝ վստահելի է Ա․Ա-ն, թե՝ ոչ: Տեսնելով, որ վստահում է՝ որոշեցի գումարս տալ, որ դնի շրջանառության մեջ»:
Այնուհետև տուժողը բանկից հանում է 30 հազար դոլար և տալիս ամբաստանյալին: Ամեն ամիս Ա․Ա-ն զանգում էր, որ գան և ստանան պայմանավորված գումարը. «Ես կամ տղաս գնում էինք այդ գումարը ստանալու: Դա հաստատում էր, որ այդ կետերն իսկապես Ա․Ա-ին են պատկանում: Բայց աշխատողների հետ ոչինչ չենք խոսել: Պարզապես գնում էինք, վերցնում գումարն ու վերջ»:
Որոշ ժամանակ անց Ա․Ա-ն զանգում է տուժող Գևորգ Թադևոսյանին և առաջարկում, որ եթե գումար ունի, ապա նորից կարող է իր մոտ դնել շրջանառության:
«Ես ասեցի՝ ունեմ ևս 15 հազար դոլար, որ կարող եմ տալ: Ա․Ա-ն էլ ասաց, որ դրա դիմաց ինձ կտա հավելյալ 300 դոլար: Ես այդ գումարն իրեն տվել եմ ամսական երկու տոկոսով, որը օրենքով թույլատրվում է: Սակայն որևէ փաստաթուղթ չենք ստորագրել»:
Մայր գումարից 5000 ԱՄՆ դոլարը վերադարձվել է իրեն, ևս 7000 դոլարը վճարվել է տոկոսների տեսքով: Տուժողի կարծիքով ամբաստանյալն իրեն պետք է 33 000 ԱՄՆ դոլար վճարի:
Տուժողի հավաստմամբ՝ ինքը հետագայում պարզել է, որ Ա․Ա-ն վերոնշյալ փոխանակման կետերի հետ ընդհանրապես կապ չունի: Ի դեպ, ավազահանքն էլ մասամբ ուրիշի է պատկանում: Դրանից հետո տուժողն իր գումարը հետ է պահանջել.
«Ես ասեցի՝իմ փողը վերադարձնի: Փոխարենն ասաց, թե դու Արտակի ընկերն ես,գումարը պետք է ստանաս Արտակից: Ասեցի դու ինձ ստիպում ես, որ ես դիմեմ իրավապահ մարմիններին, ինքն ել քմծիծաղ տվեց՝ասելով, որ ինքը իրավապահների հետ խնդիրներ չունի: Տվեց Ներսիկ Նազարյանի (Երևանի նախկին ոստիկանապետ), Կարեն Բաբակեխյանի (Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ)անունները՝ նշելով, թե իրենց հետ կապ ունի: Ես ինքս էլ եմ այդ մարդկանց ճանաչում, ուղղակի չուզեցի՝զանգեմ իրենց,ճշտեմ»:
Տուժողի հարցաքննությունից հետո դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց 5 րոպե ընդմիջում:
Դատական նիստը վերսկսվելուն պես ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն լավ չի զգում, գլխացավն ուժեղացել է: Նրա համար շտապօգնություն կանչեցին, որից հետո ամբաստանյալը միջնորդեց դատական նիստը հետաձգել:
Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին:
Արև Ավագյան