Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվեց հայտնի «ֆինանսական բուրգ»-ի գործի քննությունը:
Այս անգամ դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Ա․ Ա․-ի պաշտպանը՝ Համազասպուհի Գրիգորյանը:
Վերջինս դատարանին գրավոր տեղեկացրել էր, որ վերապատրաստման դասընթացների պատճառով չի կարողանա ներկայանալ նիստին, ուստի միջնորդել էր հետաձգել այն:
Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին:
Նշենք, որ նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր: «Նա իր ներկայիս առողջական վիճակով ի վիճակի չէ մասնակցել դատական քննությանը: Ցանկացած պահի կարող է առաջանալ անհապաղ նեղ մասնագիտական համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն, որի բացառումը ժամանակի կորստի առումով կարող է ճակատագրական դառնալ Անդրեասյանի համար»,- այս մասին նախորդ դատական նիստի ժամանակ դատարանում ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ա․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։
Արև Ավագյան