Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվեց հայտնի «Ֆինանսական բուրգ»-ի գործով ամբաստանյալ Ա․Ա-ի գործի քննությունը:
Վերջինիս պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը ծանր է. «Այս պահին նրան զննում են շտապօգնության բժիշկները»:
Դատական նիստի ընթացքում պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին: Սակայն դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել է այն: Հիշեցնենք, որ պաշտպանը նման միջնորդություն է ներկայացնում արդեն երկրորդ անգամ:
Ըստ Համազասպուհի Գրիգորյանի՝ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի. դժվարությամբ է տեղաշարժվում և ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին:
Հենց այս հիմքով էլ միջնորդեց հետաձգել դատական նիստը: Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց ներկայացված միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 10-ին: