Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Ֆինանսական բուրգի» գործով դատական նիստը սկսվեց 1 ժամ ուշացումով:
Ամբաստանյալ Ա․ Ա․-ի համար նախքան նիստը սկսվելը շտապօգնություն էին հրավիրել, քանի որ վերջինս բողոքել էր գլխացավերից:
Դատարանում ամբաստանյալը հայտարարեց, որ շարունակում է իրեն վատ զգալ և չի կարող մասնակցել դատաքննությանը. «Բժժած եմ, գլուխս ցավում ա»:
Պաշտպան Մնացական Սարգսյանն էլ ասաց՝ քանի որ շտապօգնության աշխատակիցներն Անդրեասյանին անալգին-դիմեդրոլ են ներարկել, նա չի կարող մասնակցել նիստին, ուստի միջնորդեց հետաձգել նիստը:
Դատախազը խնդրեց, որպեսզի հաջորդ անգամ շտապօգնության աշխատակիցներին զգուշացնեն այլ ցավազրկող ներարկել. «Բոլորս էլ գիտենք, թե անալգին-դիմեդրոլն ինչ ազդեցություն է ունենում: Պետք է շտապօգնության բժիշկներին զգուշացնել այլ ցավազրկող ներարկեն, որպեսզի ամբաստանյալը կարողանա մասնակցել դատաքննությանը»:
Դատավոր Գագիկ Պողոսյանը, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, հաջորդ դատական նիստը նշանակեց հուլիսի 30-ին:
Արև Ավագյան