«Ֆինանսական բուրգի» գործով որպես ամբաստանյալ դատարանում հանդես եկող Ա․ Ա․-ի մայրն այսօր հնարավորություն չունեցավ մասնակցել իր որդու դատական նիստին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը նրա նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառեց` դուրս հրավիրելով նիստերի դահլիճից:
Նախորդ նիստին մեղադրող կողմը միջնորդել էր հրավիրվել մինջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձագետի, որը հետազոտել էր ամբաստանյալին և նրա առողջությանը մեջ լուրջ շեղումներ չէր տեսել, որոնք հիմք կհանդիսանային նրա խափանման միջոց կալանքը փոխելու համար: Այսօր դատարանում փորձագետին հարցաքննելուց հետո ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Այս հանգամանքը զայրացրեց Ա․ Ա․-ի մորը, երբ Գագիկ Պողոսյանը խոսում էր, նա հայտարարեց, որ իր համար դատարանի որոշումը պարզ չէ. «Ես Ձեզ խոստացել էի` մեկ անգամ ևս դատական նիստը խանգարելու դեպքում Ձեզ դուրս հրավիրել, ես հիմա իմ խոստումը կկատարեմ, համեցեք դուրս»,- ասաց դատավորը, իսկ ամբաստանյալի մայրը նիստերի դահլիճը լքելիս հայտարարեց. «Դուք ցանկանում եք, ինձ որպես մայր սպանել»:
Հիշեցնենք, որ Ա․ Ա․-ը մտերմիկ կապեր է ունեցել ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, Երևանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանիի և վերջինիս որդու` Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի հետ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ ամբաստանյալը նրանցից առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել և իրավունք ստացել նրանց անշարժ գույքի նկատմամբ: Տուժողներից ցուցմունքներից պարզ է դարձել, որ ընդհանուր հաշվով Արթուր Անդրեասյանը շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարի չափով պարտք է վերցրել տարբեր անձանցից: Այսօրվա դատական նիստին կրկին վատացել էր Արթուր Անդրեասյանի ինքնազգացողությունը: