Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Ֆինանսական բուրգի» գործը:
Ամբաստանյալ Ա․ Ա․-ը ցուցմունքում նշեց, որ գործով ներգրավված 7 տուժողներից շուրջ 1 մլն ԱՄՆ դոլարի չափով գումարներ է վերցրել, այդ գումարները ներդրել է հանքարդյունաբերության գործունեության մեջ: Նա նշեց, որ գործով տուժող ներգրավված Արտակ Գալստյանն իրեն առաջարկել է գնել Բաղրամյան 77/8 տարածքը. «Իմ ամեն էս վիճակը սկսվեց նրանից, երբ ես առա Բաղրամյանի տարածքը 250 հազար ԱՄՆ դոլարով, 180 հազար գումար ծախսեցի, մի 50-60 հազար ԱՄՆ դոլար էլ աշխատացնելով տուժեցի: Հետո իմացա, որ փաստի առաջ եմ կանգնել, տունը փլատակ վիճակում էր, ես ոչ մի լուծում չունեի: Չէի ուզում բանկ դնեի: Իմ գլոբալ խրվելու վիճակը սկսել է Բաղրամյանի տարածքը գնելուց, ես մոտ 450 հազար ԱՄՆ դոլար ծախսել եմ այս տարածքի վրա, բայց ծախել 100 հազար ԱՄՆ դոլարով»:
Ամբաստանյալի խոսքերով` Արտակ Գալստյանն իրեն ասել է, թե իր ետևում կանգնած են բարձրաստիճան ոստիկաններ. «Նա ասել է ինձ, որ իրա մեջքին կանգնած են Վանո Սիրադեղյանն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, և որ ես էլ միանամ իրեն, օգնեմ, որ ինքը կարողանա Ներսես Նազարյանի և Կարեն Բաբախեկյանի իրա բեռարով ասած, գեներալիտետին գործից հանի և ինչ ունեն-չունեն ձեռքից խլեն: Բնական է ես չհամաձայնվեցի իրա կեղտոտ խաղերին մասնակցելու: Նա ունենալով, ըստ իր ասածի, Վանո Սիրադեղյանի և այլ պաշտոնյաների, այդ թվում ոստիկանության բարձրաստիճան գեներալների հովանավորությունը, դարձել է անպատժելի: Այս բուրգ կոչեցյալը ամբողջովին արտակի հնարածն է, դրա համար հենց հատուկ քննչականում իրան մականուն էին դրել Բուրգի ճարտարապետ»,- ասաց Ա․ Ա․-ը:
Այնուհետև նա պատմեց, որ Արտակին ճանաչել է մոտ 10 տարի. «Նրան ճանաչել եմ որպես Վանո Սիրադեղյանի Արտակ, ինքն էր այդպես ներկայանում և ասում, որ КГБ-ի դպրոց է ավարտել: Ես չգիտեմ, թե արտակը ինչ է աշխատել նախկին Ներքին գործերի նախարարության պետ Վանո Սիրադեղյանի մոտ, բայց ինձ ասել են, որ եղել է Վանոյի աջ ձեռքը: Ինքը ասել է, որ Վանո Սիրադեյանի վստահված անձն է Հայաստանում: Հետագայում մի 6 տարի Արտակը անհետացավ, նրա մասին տեղեկություն չունեի: Հետո 2010թ.-ին Արտակը հայտնվեց, կպավ ինձ, եղավ իմ ամուսնության քավորը»: Ամբաստանյալը նույնիսկ պնդեց, որ Վանո Սիրադեղյանը «Սկայպ»-ի միջոցով շփվում էր Վանո Սիրադեղյանի հետ:
Ա․ Ա․-ը թեև նշում էր, որ գործի ետևում կանգնած են «ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ», սակայն իր ողջ ցուցմունքի ընթացքում նա այդ ոստիկաններից ոչ մեկի անունը չարտաբերեց:
Ա․ Ա․-ի փաստաբանից` Մնացական Սարգսյանից փորձեցինք ճշտել, թե ինչ պաշտոնյաների մասին է խոսքը և ինչպես է Վանո Սիրադեղյանը, լինելով միջազգային հետախուզման մեջ, ամբաստանյալի խոսքով` ազդել այս գործի վրա, պաշտպանը տեղեկություն չուներ. «Չգիտեմ, այդ հարցը ավելի շատ Արթուրին պետք է ուղղեք, ես տեղեկություն չունեմ»,- նշեց փաստաբանը:
Տուժող Արտակ Գալստյանի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը նշեց, որ դատաքննության արդյունքում հրապարակված արդյունքները ուսումնասիրելով վկայում են այն մասին, որ ամբաստանյալի տրված ցուցմունքներում էական հակասություններ կան. « Ա․ Ա․-ը սկզբից մինչև վերջ, ինչ ասում է Արտակ Գալստյանի մասին ստում է: Փորձում են ինչ-ինչ տոներ, գույներ ավելացնել ցուցմունքներին, դա է ընֆամենը: Անընդհատ Արտակի անունը շոշափելով մի միտում ունի` ամեն կերպ իրական մեղավորների դեմքերն ու դերերը թաքցնելով: Իմ կարծիքն է, որ դա հենց իր հովանավորներն են` Բաբակեխյանները, Նազարյանները: Տրամաբանորեն վերլուծելով ցուցմունքները, տեսարանը գալիս է համապատասխանում է նրան, որ իրականում Արթուր Անդրեասյանը պարտքեր է ունեցել հենց մեր գեներալ մասսային, չի կարողացել վճարել, թե ինչ խնդիր է ունեցել նրանց հետ, ունեցվածքը նրա ձեռքից խլել են` գումարային և գույքային տեսքով, հայտնվել է այս վիճակում ու ունենք տուժողներ»,- ընդգծեց փաստաբանը: