«Ֆինանսական բուրգի» գործով միակ ամբաստանյալ Ա․ Ա․-ն այսօր դատարանում նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում խոշոր չափերի հափշտակությունների մեջ:
Հիշեցնենք, որ Ա․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում, հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին ոստիկանության բարձրաստիճան սպաների` գնդապետ Կարեն Բաբակեխյանի և գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմությունը շահակրկելով` որոշել է տարբեր քաղաքացիներից հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումարներ` ձեռք բերելով իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։
Ամբաստանյալը Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ «գործն իր գլխին սարքել են». «Հենց սկզբից քննությունը տրամադրված էր իմ դեմ, արդեն իսկ որոշված էր, որ ես մեղավոր եմ: Իրականում ես մեղավոր չեմ: Ես ցուցմունք եմ տվել հատուկ քննչականում առանց փաստաբանի, ես հանգիստ եմ եղել, որ ես մեղավոր չեմ»,- դատարանում հայտարարեց Ա․ Ա․-ը:
Նա նաև անդրադարձավ սույն գործով տուժող Արտակ Գալստյանի դրվագին` կրկին մեղադրելով նրան: Ա․ Ա․-ը վերահաստատեց նախորդ նիստին տրված ցուցմունքը, որ «Արտակ Գալստայնի մեջքին կանգնած է եղել Վանո Սիրադեղյանը». «Եթե Արտակ Գալստյանի մեջքին հզոր մարդիկ կանգնած չլինեին, ինքը այդքան վստահ չէր լինի: Ինքը գիտեր, որ իրան ոչ մի պրոբլեմ չի լինի, ինքը հանգիստ կարա բոլորին մեղադրի ու չոր դուրս գա: Միայն Արտակը կարար ինձ ասած լիներ, որ ինքը Վանո Սիրադեղյանի տան ծախսերն էր հոգում` 1000 դոլարի չափով, ես ոչ մի բան չեմ խաբում, ինքն ա էտ ամեն ինչը ռեկլամ արել: Արտակը նաև ասում էր, որ բոլորը մրսում են իրանից: Քննիչին Արտակ Գալստյանը թելադրում էր` ոնց գրի: Էտ ինձ թվում ա, ամեն մեկը չի կարա անի»,- նշեց ամբաստանյալը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Արտակ Գալստյանի իրավունքների պաշտպան Սուսաննա Սարգսյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում հերքել էր տուժողի և Վանո Սիրադեղյանի կապի մասին ցուցմունքը` ընդգծելով, որ Ա․ Ա․-ի խոսքերում էական հակասություններ կան:
Ամբաստանյալ Ա․ Ա․- Ա․ Ա․-իը այդ նիստին նշել էր, թե «Արտակ Գալստյանի ետևում կանգնած են նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ», այսօր նա օգտագործեց «հզոր մարդիկ» արտահայտությունը: Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են այդ «հզոր մարդիկ». «Ես կասկածներ ունեմ` ովքեր են, բայց անունները ո՛չ ուզում եմ տալ, ո՛չ էլ պատրաստվում եմ»,- պատասխանեց ամբաստանյալը:
Այսօրվա դատական նիստին դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց բերման ենթարկել տուժող Արտակ Գալստյանին` Ցուցմունք տալու համար: Տուժողի փաստաբանը տեղեկացրել էր, թե իր վստահորդը հանրապետությունում չէ, մինչեռ Ազգային անվտանգության ծառայության գրության համաձայն` Արտակ Գալստյանն ու նրա կինը նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում չեն հատել Հայաստանի Հանրապետության սահմանը:
Կարդացեք նաև`