Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ավարտվեց Ֆինանսական բուրգի գործով դատաքննությունը:
Մինչ այդ, դատարանը դիմեց գործով միակ ամբաստանյալ Ա․ Ա․-ին` հետքրքրվելով, թե որևէ նոր ապացույցներ ունի ներկայացնելու կամ էլ ցանկանում է միջնորդույթամբ հանդես գալ, ամբաստանյալն ասաց, որ կողմ է իր պաշտպանի ներկայացրած միջնորդություններին, ավելացնելու ոչինչ չունի:
Դատարանը ավարտեց դատաքննությունը և գնաց խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, այն կհրապարակվի այսօր:
Հիշեցնենք՝ այս գործով բողոք էր ներկայացրել ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանը: Նա խնդրում էր բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` Ա․ Ա․-ի նկատմամբ կայացրած դատավճիռը և նրան ճանաչել անմեղ: Վերաքննիչ բողոք էր բերել նար մեղադրողը` պահանջելով խստացնել պատիժը:
Առաջին ատյանի դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ամբաստանյալին դատապարտել է 10 տարի ժամկետով ազատազրկման` 200 մլն ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:
Այս գործով շոշափվում էր նաև ՀՀ ԿԱ ոստիկանությունում նախկինում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի անունները: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, Ա․ Ա․-ն 2010թ. հունիսին ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարներ և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։
Սակայն առաջին ատյանի դատարանում Ներսես Նազարյանը նշել է, որ ոչ ինքը, ոչ որդին, ոչ էլ իր ազգականներն Ա.Անդրեասյանին որևէ պայմանով պարտքով գումարներ չեն տվել, տոկոսներ չեն ստացել, այդ ենթադրյալ գումարների վերադարձման մասին զրույցներ չեն եղել, նույնը պնդել են նաև Բաբախեկյանները:
Իսկ ամբաստանյալ Ա․ Ա․-ն այս ամենում տեսնում էր նաև Վանո Սիրադեղյանի գործոնը:
Գ.Թ.